Մարդու իրավունքների հարցում ամենատխուր վիճակը Տավուշի մարզում է, ամենալավը՝ Լոռու. Կարեն Անդրեասյան

13:09 • 29.05.14

Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը, պատասխանելով Tert.am-ի հարցին, թե մարդու իրավունքներն ամենաշատը ո՞ր մարզում են ոտնահարվում, կա՞ արդյոք վիճակագրություն, պատասխանեց, թե նախորդ տարվա տվյալներով՝ ամենատխուր վիճակը Տավուշի մարզում է, իսկ ամենից լավ իրենց իրավունքները պաշտպանում են Լոռու մարզի քաղաքացիները։

«Ես ունեմ թվային ցուցանիշներ, բայց նախկին տարվա համար, ինձ համար ամենատխուր վիճակը Տավուշի մարզում էր, որովհետև այստեղ կան ոչ միայն այն խնդիրները, որ կային այլ մարզերում, այլ մենք այնտեղ նույնիսկ գրասենյակ ունեինք, բայց որոշակի պասիվություն ու մեթոդների տարբերություն կա։ Օրինակ, եթե Լոռու մարզում մարդիկ ավելի ակտիվ իրենց իրավունքները պաշտպանում, պետական մարմինների հետ որոշակի աշխատանք են անում, ապա Տավուշի մարզում մենք տեսնում ենք, որ խնդիրները ծածկված ու չբարձրաձայնված մնում են, և մարդիկ նույնիսկ ոտքի չեն էլ կանգնում իրենց իրավունքների պաշտպանության համար»,-նշեց նա։

Մեր հարցին, թե ինչպիսին է իրավիճակը, ըստ նույն վիճակագրության, Սյունիքի մարզում, երբ մամուլում շատ են խոսում այնտեղ բռնությունների ու ճնշումների մասին, ՄԻ պաշտպանը պատասխանեց. «Այնտեղ էլ մենք ունենք գրասենյակ, բոլոր խնդիրներին ծանոթ ենք, այնտեղ էլ սուր հարցադրումներ կան, բայց Սյունիքի մարզն ավելի ակտիվ է իր իրավունքների պաշտպանության հարցում, քան Տավուշի մարզը, երբ նայում ես ցուցանիշները»,-ասաց նա։

Կարեն Անդրեասյանը հավատացրեց, թե միշտ չէ, որ մարդու իրավունքը խնդրահարույց է այն շրջանում, երբ այնտեղից կան բողոքներ։ «Պրոբլեմատիկ է, երբ կա խնդիր ու չկա բողոք. այդ դեպքում արդեն շանսերը, որ ինչ-որ բան կփոխվի, շատ ավելի քիչ են ու թույլ, ու այդ իմաստով ես մարզերն ուսումնասիրելիս միշտ վիճակագրությունը նայում եմ մարդկանց գիտակցության ու ակտիվության մակարդակով, անվախության մակարդակով, և այդ իմաստով է Լոռու մարզում իրավիճակը լավ, որտեղից ամենաշատն էին իմ բողոքները, ամենաշատն էին այդտեղ իրավունքները խախտվում, ես համարում եմ, որ մարդիկ այնտեղ գերակտիվ և ինտելեկտուալ աշխատանք են անում իրենց իրավունքների պաշտպանության համար»,-նշեց նա։

Դիտարկմանը, թե Գորիսի դեպքերից հետո հասարակության մեջ տպավորություն կա, որ հենց այդ մարզում անպատժելիության ու վախի մթնոլորտ կա, օմբուդսմենը պատասխանեց, թե «լատենտային հանցագործությունները» մեր հասարակության ու բոլոր հետ խորհրդային երկրների չարիքն են։

«Այսինքն` խնդիրները մնում են թաքնված, նույն բանը տեսնում ենք կալանավայրում, դա կարող է լինել բոլոր ոլորտներում, բոլոր մարզերում, դրա դեմ պայքարելու այլ եղանակ չգիտեմ այս պահին, և այնպիսի իրավիճակ է, որ ոչ մի լիազորություն չունեմ գնալու, ստուգելու՝ արդյոք մարդը վախից է հրաժարվում իր ցուցմունքից, թե իսկապես դա կեղծ տեղեկատվություն է, որ տարածվել է»,-նշեց նա։

Միևնույն ժամանակ, ըստ նրա, նույնը իրավիճակը նկատելի էր նաև ընտրությունների ժամանակ. «ՀՀ-ում տեսնում են մի բան, և վերջում դա չի ապացուցվում, իրավապահ մարմիններն են ձեռքերը շփելով, ուրախությամբ ասում են` տեսա՞ք՝ չկարողացաք ապահովել: Նույնը ունեցանք դատական զեկուցի ժամանակ։ Պետք է այնպես աշխատել, որ մարդիկ վստահեն ու չվախենան, և ամեն անգամ, երբ հպարտ ասում են` տեսաք, չկան փաստեր, պետք մտածեն, թե ինչպես են աշխատել, որ այդ փաստերը ծածկված են մնում»։

Նա նկատեց, թե հույս ունի, որ դատախազությունը կկարողանա այնպիսի վստահություն ձևավորել, որ կալանավորը, որը բանտում ենթարկվում է բռնությունների, գորիսեցին, որը հնարավոր է՝ ենթարկվում է բռնությունների, բոլորը կվստահեն համակարգին։