ՀՀ Նախագահի կողմից Թուրքիայի նախագահին ապրիլի 24-ին Հայաստան հրավիրելը մարտահրավեր էր Թուրքիային. Կիրո Մանոյան
Թուրքիայի Նախագահին ուղղված՝ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական հրավերը՝ 2015 թ-ի ապրիլի 24-ին այցելել Հայաստան և առերեսվել պատմության հետ, մարտահրավեր է Թուրքիային: Tert.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Հայ յեղափոխական դաշնակցության Բյուրոյի Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի տնօրեն Կիրո Մանոյանը և ընդգծեց, որ սա արդեն ֆուտբոլային դիվանագիտություն չէ, այլ՝ բոլորովին նոր քաղաքականություն:
«Սա արդեն ֆուտբոլի խաղ նայելու հրավեր չէ, ավելի շուտ՝ մարտահրավեր է Թուրքիային՝ ի պատասխան Թուրքիայի կողմից վերջին ամսիներին տարված իբր՝ ձևով նոր, բայց իրականում նույն ժխտողական քաղաքականության: Նման քաղաքականության շարունակությունը, կարծում եմ, ավելի հաճախ կարող ենք տեսնել մինչև ապրիլի 24-ը»,-ասաց նա:
Հարցին, թե իր կարծիքով՝ ինչու՞ մինչ օրս Թուրքիայի կողմից պաշտոնապես որևէ արձագանք չի եղել այս հայտարարությանը, Կիրո Մանոյանը նշեց, որ զարմանալի չի լինի, որ այն այդպես էլ անարձագանք մնա:
«Ես չեմ բացառում, որ նրանք փորձեն անտեսել այս հայտարարությունը՝ ճիշտ այնպես, ինչպես իրենք 2005-ին պատմաբանների հանձնաժողով տեղծելու առաջարկությամբ հանդես եկան, ինչից հետո այն ժամանակվա ՀՀ Նախագահը նամակ գրեց՝ նշելով, որ չի կարելի պատմաբանների ուսերին թողնել երկու պետությունների ծանր խնդիրը, պետք է կառավարական հանձնաժողով կազմել և դիվանագիտական հարաբերություններ ստեղծել: Բայց նրան երեք տարի շարունակ աշխարհի առաջ սուտ էին խոսում և ասում, թե Հայաստանը մեր առաջարկին չի պատասխանել: Կարծում եմ՝ նույն վերաբերմունքը կդրսևորեն նաև այս հայտարարության նկատմամբ»,-ասաց նա և վստահություն հայտնեց, որ Թուրքիան իրենց հայտարարություններից հետո Հայաստանի կողմից նման արձագանք չէր ակնկալում:










