Չէի ասի, թե «Դ!ԵՄ ԵՄ»–ը հաղթանակ է գրանցել. Լյուդմիլա Սարգսյան

14:57 • 29.05.14

Ազգային ժողովի «Հայ ազգային կոնգրես» խմբակցության անդամ Լյուդմիլա Սարգսյան չի համարում, որ պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի դեմ պայքարող «Դ!ԵՄ ԵՄ» քաղաքացիական շարժումը հաղթանակ է գրանցել, քանի որ Սահմանադրական դատարանը հասկանալի չէր, թե ինչ որոշում կայացրեց, նոր կառավարության ծրագրում էլ պարտադիրի մասին ոչ մի խոսք չէր ասվում:


«Նույնիսկ այն որոշումները, որոնք կայացվեցին օրեր առաջ, որ աշխատողը կարող է իր դիմումի համաձայն պարտադիր վճար չկատարել, մենք փաստեր ունենք, որ դա չի գործում: Բյուջետային հիմնարկների աշխատողներին ներքաշեցին պարտադիր կուտակային համակարգ»,-այսօր կայացած ասուլիսին ասաց նա։


Պատգամավորն ընդգծեց, որ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը, ըստ էության, խոստովանեց այն, ինչ իրենք կասկածում էին, և ստացվում է, որ իշխանությանը պետք է երկարաժամկետ և ցածր տոկոսներով վարկեր, որոնք նրանք կստանան պարտադիր կուտակային կենսաթոշակներից:


Պատգամավորը կոչ արեց բոլոր գործատուներին, որոնք առաջնորդվում են իրենց աշխատողների շահերով, պայքարել պարտադիր կուտակայինի դեմ:


Նա նաև ասաց, թե Հայաստանում չկա մեկը, որ կարող է բացատրել, թե ինչ է նշանակում «պարտադիր, բայց ոչ պարտադրված»՝ նկատի ունենալով ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի խոսքը. «Միգուցե Հովիկ Աբրահամյանն ինքն ունի այդ հարցի պատասխանը»:


Ինչ վերաբերում է կառավարության ծրագրին՝ բանախոսը նկատեց, որ կան շատ հասկանալի քայլեր, որոնք հուշում են, որ կառավարության ծրագիրը շատ գեղեցիկ է, բայց ժողովրդի համար՝ ոչ արդյունավետ:


«Թող մենք չուզենք, բայց այդ ծրագիրն իրականություն դառնա, թող ժողովուրդը մի փոքր շնչի: Շատ ուրախ կլինենք, որ գործարարներին հարկային դաշտ բերեն»,– ասաց նա՝ ավելացնելով, թե արդյո՞ք Հովիկ Աբրահամյանը կկարողանա հարկային դաշտ բերել ստվերում գտնվողներին։
Լյուդմիլա Սարգսյանը նաև անդրադարձավ ԱԺ ոչ իշխանական չորս ուժերի գործունեությանը՝ նշելով, որ քաղաքական ընդդիմադիր դաշտը մշտապես ակտիվ վիճակում է, փորձում է լուծումներ գտնել: