Վաղ թե ուշ Ուկրաինայի ղեկավարությունը կհասկանա, թե որտեղ է նրա երջանկությունը. Լուկաշենկո

14:46 • 29.05.14

Եվրասիական տնտեսական միության ստեղծումն ապագայում կդառնա Ղազախստանի, Ռուսաստանի և Բելառուսի քաղաքական, ռազմական և հումանիտար միասնության հիմքը։ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին նման վստահություն է հայտնել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, գրում է ИТАР-ТАСС-ը:

 

Բելառուսի նախագահը հիշեցրել է, որ «պայմանագրի ստորագրման ճանապարհը երկար է եղել և դժվար»: «Մեկին կորցրել ենք ճանապարհին: Ես նկատի ունեմ Կուչմայի ժամանակների Ուկրաինան, որը նույնպես մեզ հետ սկսեց այդ դժվարին աշխատանքը: Ցավոք, բեռը չափազանց ծանր էր Ուկրաինայի համար: Բայց ես վստահ եմ, որ վաղ թե ուշ Ուկրաինայի ղեկավարությունը կհասկանա, թե որտեղ է նրա երջանկությունը»,- ասել է Լուկաշենկոն:

 

«Բելառուսը պատրաստ է հետևողական պարտադիր շարժմանը՝ շատ բարդ բանակցային գործընթացում ձեռք բերված պայմանավորվածությունների լիակատար իրականացման ուղղությամբ»,- հաստատել է Լուկաշենկոն։

 

Այսօր ավելի վաղ Ռուսաստանը, Բելառուսն ու Ղազախստանը ստորագրել են Եվրասիական տնտեսական միություն ստեղծելու վերաբերյալ պայմանագիրը, որն ուժի մեջ կմտնի 2015թ.-ի հունվարի 1-ից։