Ուկրաինայի, Վրաստանի և Մոլդովայի վարչապետները Մերկելի հետ զրույցում հաստատել են ԵՄ-ին մերձենալու քաղաքականությունը

12:19 • 29.05.14

Ուկրաինայի, Վրաստանի և Մոլդովայի վարչապետները Բեռլինում հանդիպել են Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ, որը խոստացել է Եվրամիության անունից աջակցել «Արևելյան գործընկերության» երկրներին, սակայն նշել է, որ Բրյուսելը մտադիր չէ մրցել Ռուսաստանի հետ, տեղեկացնում է Взгляд-ը։

 

Ուկրաինայի գերագույն ռադայի կողմից վարչապետ նշանակված Արսենի Յացենյուկը հայտարարել է, որ Կիևի նպատակը մնում է եվրաինտեգրումը։

 

«Եվրոպայում նոր Բեռլինյան պատ չպետք է կառուցվի»,- ասել է նա։

 

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին և Մոլդովայի վարչապետ Յուրի Լյանկեն ևս հաստատել են հունիսի 27-ին Բրյուսելում ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիրը ստորագրելու պատրաստակամությունը։

 

Նրանք նաև պահանջել են, որ ԵՄ-ն իրենց երկրներին հետագա մերձեցման հստակ հեռանկար ներկայացնի։


Իր հերթին Գերմանիայի կանցլերը հավաստիացրել է, որ «Արևելյան գործընկերության» մասնակիցներն ու այդ երկրների բնակիչները կարող են ինքնուրույն ընտրել իրենց հետագա զարգացման ճանապարհը։

 

Մերկելն ընդգծել է, որ չնայած ուկրաինական ճգնաժամին՝ Եվրամիությունը խորացնելու է համագործակցությունն արևելյան հարևանների հետ՝ չփորձելով մրցակցել Ռուսաստանի հետ։ «Այդ երկրները չպետք է կանգնեն «կամ-կամ»-ի ընտրության առաջ»,- նշել է Գերմանիայի կանցլերը։