Էջմիածինցի փոքրիկ Նժդեհը երեք օր է մայրիկի հետ դրսում է գիշերում (տեսանյութ)
Էջմիածին քաղաքի բնակիչ մեկ տարեկան Նժդեհը երեք օր է՝ իր մայրիկի ու տատիկի հետ Էջմիածնի այգիներից մեկում է գիշերում: Նրանք այլևս գումար չունեն վարձով բնակարանի համար վճարելու: Կառավարության շենքի դիմաց այսօր փոքրիկի մայրիկն ու տատիկը դիմում էին պաշտոնյաներին՝ իրենց որևէ տեղ մի անկյուն տրամադրելու համար: Նրանց հետ զրուցող ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը խոստացավ որևէ բան անել:
«Երեխայի հայրը երկուսուկես ամիս առաջ է գնացել Ռուսաստան, որ փող աշխատի, բնակարանի վարձը տան, բայց պասպորտը ձեռքից առել են ու փող էլ չեն տալիս: Տան տերն էլ երեք ամսվա գումար չի ստացել, ստիպված հանել ա դուրս»,-ասաց երեխայի հոր տատիկը՝ Մելանյա Մկրտչյանը և նշեց, որ իր աղջիկը՝ փոքրիկի տատիկը, գնացել է Մոսկվա՝ փորձելու հետ բերել տղային:
Նա նշեց, որ այսօր եղել են նախագահական նստավայրում, որտեղից ուղղորդել են ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն, սակայն այնտեղ նախ տեղեկացրել են, որ պետը՝ Արման Սահակյանը, կառավարության նիստին է մասնակցում, իսկ հետո ընդունելության համար պետք է գրանցվել, որը լինում է ամիսը մեկ անգամ:
«Դիմել ենք նաև Արմավիրի մարզպետին, նա էլ ասում է, թե ես այս պահին բնակարան չունեմ, ոչ մի բան անել չեմ կարող: Բայց բնակարանների դռները փակ ա, ինքը չի ուզում տա: Հիմա էս երեխեն սադի մեջ ա քնում, բոլոր վեշերը Էջմիածնի սադում ա: Արմավիրի մարզի 101 հանրակացարանում դատարկ բնակարաններ կան, որոնց տերերը դռները փակել՝ գնացել են, չեն ապրում, որովհետև հարուստներ են, իսկ դրանք վերցրել են իրենց զապաս որպես»,-ասաց տիկին Մելանյան:
Երեխայի մայրն էլ՝ Լաուրա Մարտիրոսյանը, լաց էր լինում ու չէր կարողանում խոսել: Նա միայն ասաց, որ իր ամուսինը գնացել է աշխատելու, բայց այսօր հայտնվել է դրսում:










