Այս անգամ ևս գնդակը նետվեց Թուրքիայի կիսադաշտ. Ռուբեն Մելքոնյան

12:48 • 29.05.14

Թուրքագետ, ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի փոխդեկան Ռուբեն Մելքոնյանը գտնում է, որ Թուրքիայի ապագա նախագահին Հայաստան հրավիրելով՝ հայ-թուրքական հարաբերություններում այս անգամ ևս գնդակը նետվեց Թուրքիայի կիսադաշտ, Թուրքիայի քաղաքական մեքենան բավական ծանր դրության մեջ հայտնվեց, քանի որ իրոք այս հայտարարությունը խորքային մշակված էր, համապատասխանում էր 21-րդ դարի տեղեկատվական պատերազմների ոգուն և լուրջ խնդիրներ է առաջացրել թուրքական վերնախավի մոտ:

«Դրա ապացույցներից է, որ մինչև այժմ որևէ պաշտոնական հակադարձում կամ պատասխան չկա, չնայած թուրքական լրատվական դաշտն այս երկու օրը զբաղված է Նախագահի հայտարարության տեքստի տեղադրմամբ և փորձեր է անում դա վերլուծել: Սա իրոք բավականին հետաքրքիր քայլ էր և կարծում եմ՝ թուրքական կողմը երկար մտորելու առիթ ունի»,-այսօր կայացած ասուլիսին ասաց նա:

Վերջինիս խոսքով՝ արդեն տևական ժամանակ է, որ Թուրքիան բարձրաստիճան պաշտոնյաների մակարդակով զբաղվում է կեղծ հայտարարությունների մի շարք հրապարակումներով, որոնց նպատակն է ցույց տալ և´ միջազգային հանրությանը, և´ իր հասարակությանը, և´ հայ հասարակության դյուրահավատ հատվածին, որ Թուրքիայում լուրջ փոփոխություններ են լինում, և թուրքական քաղաքական մեքենան 1915թ.-ի հետ կապված էական վերաարժևորումներ է արել: Բայց փաստերը ցույց են տալիս, որ դրանք լոկ հայտարարություններ են և դրանցով քողարկվում է Թուրքիայի հստակ հակահայկական քաղաքականությունը:

«Հայաստանի Նախագահի հայտարարությունն ու Թուրքիայի ապագա Նախագահի հրավերը Երևան մի կարևոր բաժանարար գիծ անցկացրեց կեղծ հայտարարությունների և իրական նպատակների միջև: Այդ գիծը հետևյալն է՝ Թուրքիան պետք է հրաժարվի կեղծ հայտարարությունների պրակտիկայից և եթե անկեղծ են նրա մղումները, ապա Թուրքիայի ապագա Նախագահը, որն ամենայն հավանականությամբ ներկայիս վարչապետն է, 2015-ին պետք է այցելի Երևան և գլուխ խոնարհի անմեղ զոհերի հիշատակին»,-ասաց Ռուբեն Մելքոնյանը։

Թուրքագետը հայտարարության մեջ կարևորեց նաև այն, որ առաջին անգամ Հայաստանը բավական բարձր մակարդակով պատասխանեց Էրդողանի ապրիլ 23-ի ուղերձին, որով իբրև թե առաջին անգամ Թուրքիայի ղեկավարը ցավակցել էր հայերին. «Փաստորեն նրա ուղերձը Հայաստանի բարձրաստիճան ղեկավարության կողմից գնահատվեց որպես թուրքական ապակառուցողական, կեղծ հայտարարությունների մի ամբողջություն, որը քողարկված է բարյացակամության շղարշով:

Ըստ նրա՝ պատմաբանները վաղուց իրենց անելիքներն արել են, արխիվային փաստաթղթերը վաղուց հրապարակված են և եթե նոր փաստեր էլ կան, ապա, ինչպես թուրքագետը նշեց, դրանք լրացնելու են այն իրողությունը, որ 1915թ.-ին տեղի է ունեցել Ցեղասպանություն:

Վերջում Ռուբեն Մելքոնյանը ավելացրեց, որ հաշվի առնելով Էրդողանի անձը, չի կարծում, որ նա կայցելի Հայաստան: