Ռուսաստանը հնարավոր չէ մեկուսացնել. Լավրով

17:14 • 29.05.14

Ռուսաստանը հնարավոր չէ մեկուսացնել, դա ապացուցեց օրերս կայացած Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովը, հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը, գրում է ria.ru-ն:

 

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման չորեքշաբթի ելույթի ժամանակ պնդել էր, որ ԱՄՆ-ն, ազդելով միջազգային հասարակական կարծիքի վրա, կարողացել է Ռուսաստանին մեկուսացնել միջազգային ասպարեզից՝ Ղրիմի միանալուց հետո:

 

«Նախագահ Պուտինն օրերս, պատասխանելով նման հարցի, արդեն ասել է, որ Ռուսաստանի նման երկիրը մեկուսացնելը պարզապես անհնար է, դա անիրատեսական խնդիր է: Հասկանալու համար, թե ստացվել է մեկուսացնել Ռուսաստանը, թե ոչ, բավական էր այցելել Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողով, տեսնել ամենատարբեր արտասահմանյան պետություններից հյուրերի մեծ թիվը և զգալ այդ միջոցառման մթնոլորտը»,- ասել է նա։

 

Նախարարի խոսքով՝ տնտեսական համաժողովի մթնոլորտում երկու բան էր գերակայում. խիստ գործնական տրամադրվածություն և հումորի զգացում: «Այս երկու գործոնների համադրությունը, իմ կարծիքով, պատասխանում է հարցին, թե որևէ մեկը կարողացե՞լ է Ռուսաստանը մեկուսացնել, թե՞ ոչ»,- ասել է նա։