Հովիկ Աբրահամյանն առանձնազրույց է ունեցել Բելառուսի իր պաշտոնակցի հետ

15:11 • 30.05.14

Մինսկում կայանալիք ԱՊՀ մասնակից պետությունների կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստից առաջ Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր առանձնազրույց է ունեցել Բելառուսի վարչապետ Միխայիլ Մյասնիկովիչի հետ, այս մասին տեղեկացնում է կառավարության կայքը:


Բելառուսի վարչապետը շնորհավորել է Հովիկ Աբրահամյանին ՀՀ վարչապետի պաշտոնում նշանակվելու առթիվ և վերահաստատել Հայաստանի հետ համագործակցության շարունակական խորացման պատրաստակամությունը:


Երկու երկրների վարչապետները քննարկել են հայ-բելառուսական տնտեսական համագործակցության օրակարգին վերաբերող հարցեր: Հովիկ Աբրահամյանը և Միխայիլ Մյասնիկովիչը գոհունակություն են հայտնել երկկողմ պայմանավորվածությունների կատարման արդյունքներից:


Զրուցակիցները բարձր են գնահատել հարաբերությունների ներկայիս մակարդակը և կարևորել առևտրաշրջանառության ծավալի հետագա ավելացումը` առկա մեծ ներուժի լիարժեք իրացմամբ:


Վարչապետներ Աբրահամյանը և Մյասնիկովիչն անդրադարձել են Բելառուսից Հայաստան գյուղատնտեսական տեխնիկայի ներմուծման, Հայաստանից Բելառուս գյուղմթերքի արտահանման և առհասարակ տարբեր ոլորտներում` ինչպես երկկողմ, այնպես էլ ԱՊՀ շրջանակում գործակցության զարգացման հարցերի:


Հանդիպման ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել նաև Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության շուրջ և գոհունակություն հայտնել այդ գործընթացի զարգացումից: Միխայիլ Մյասնիկովիչն ընդգծել է, որ Բելառուսն աջակցում է այդ ուղղությամբ Հայաստանի կողմից գործադրվող ջանքերին: