Ալեքսանդր Լուկաշենկոն ընդունել է Հովիկ Աբրահամյանին և ԱՊՀ անդամ մյուս երկրների վարչապետներին
Բելառուսի մայրաքաղաք Մինսկում աշխատանքային այցով գտնվող վարչապետ Հովիկ Աբրահամյանին և ԱՊՀ անդամ մյուս երկրների կառավարության ղեկավարներին նախագահական նստավայրում այսօր ընդունել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն:
Ինչպես տեղեկացնում է Tert.am–ի թղթակիցը, վերջինս, Մինսկում ողջունելով վարչապետներին, նշեց, որ Բելառուսը պատրաստակամություն է հայտնել կրկին Մինսկում անցկացնել ԱՊՀ երկրների ղեկավարների գագաթնաժողովը, որը տեղի կունենա հոկտեմբերին:
«Երեկ որոշում ընդունեցինք այստեղ մեկ օր առաջ անցկացնել նաև Եվրասիական տնտեսական ընկերակցության գագաթնաժողովը... Անկեղծ ասած, այսօր մեր կազմակերպությունը դժվար ժամանակաշրջան է ապրում, հաճախ լսում ենք մեկնաբանություններ ԱՊՀ-ի անպիտան լինելու մասին: Մենք ԱՊՀ-ն դիտարկում ենք որպես կարևոր պահանջված միջպետական միավորում, որը թույլ է տալիս մասնակից երկրներին լուծել կարևոր հարցեր: Հավանաբար, երբեմն օպերատիվ և համակարգված գործողությունների և արձագանքի պահանջ է զգացվում, սակայն ԱՊՀ-ից օգուտն ակնհայտ է»,- ասաց նա:
Ալեքսանդր Լուկաշենկոն ընդգծեց, որ հենց ԱՊՀ-ի շնորհիվ գործողության մեջ մտավ համատեղ սահմանապահ, մաքսային, փրկարարական և այլ մարմինների համագործակցության պրակտիկան:
«Մենք ջանքեր ենք ներդրել նաև տնտեսական համագործակցության զարգացման համար, մեր քաղաքացիների բարեկեցության մակարդակը բարելավելու համար: Հենց ԱՊՀ-ն է հիմք դրել Եվրասիական տնտեսական միության և միասնական տնտեսական տարածքին: ԱՊՀ-ի դերը դրանում շատ մեծ է: Այն ապահովում է բազային քաղաքական և տնտեսական մակարդակ համագործակցության համար: Մասնակից երկրներից յուրաքանչյուրն էլ իրավունք ունի ընտրել այն ուղղությունը, որի շրջանակում շահագրգռված է խորացնել փոխգործակցությունը: Այստեղ ցանկացած հարց կարող ենք քննարկել երկկողմ, մասնավոր և բազմակողմ ձևաչափով»,-ասել է նա:










