ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանով հանդիպել է ուսանողների հետ

17:34 • 30.05.14

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը այսօր հանդիպել է Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի պատմության և իրավագիտության ֆակուլտետի մի խումբ ուսանողների հետ, տեղեկացնում է ԱԺ փոխնախագահի մամուլի գրասենյակը:


ԱԺ փոխնախագահը պատասխանել է ուսանողներին հետաքրքրող հարցերին, որոնք վերաբերում էին Հայաստանի արտաքին և ներքին քաղաքական առաջնահերթություններին, տարածաշրջանային զարգացումներին ու անվտանգության խնդիրներին:


Էդուարդ Շարմազանովը խոսել է ԼՂ հիմնախնդիրը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում խաղաղ բանակցությունների ճանապարհով լուծելու, հարևան երկրների հետ խաղաղ գոյակցության, Թուրքիայի հետ առանց նախապայմանների հարաբերությունները կարգավորելու Հայաստանի դիրքորոշման մասին:


Նրա գնահատմամբ՝ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը և ժխտողականության դեմ պայքարը շարունակելու է մնալ երկրի արտաքին քաղաքական կարևորագույն խնդիրներից մեկը, ինչը ոչ միայն պատմական ճշմարտությունը վերականգնելու, այլև հնարավոր նման ոճրագործությունները կանխելու նպատակ ունի: Թուրքիայի նախագահին Հայաստան հրավիրելու ՀՀ նախագահի քայլը Էդուարդ Շարմազանովը գնահատել է խիզախ և արդարացված, ինչը բխում է մեր երկրի ազգային ու պետական շահերից:


Անդրադառնալով Աստանայում Եվրասիական տնտեսական միության ստեղծման պայմանագրի ստորագրմանը և մինչև հունիսի 15-ը պայմանագրին միանալու Հայաստանի մտադրության մասին Նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությանը՝ ԱԺ փոխնախագահն ասել է, որ հավանության է արժանացել կարճ ժամանակում Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության հարցը, և այդ քայլը պայմանավորված է մեր երկրի տնտեսական շահերով:


Ինչ վերաբերում է Արցախի հիմնախնդրին, Էդուարդ Շարմազանովը նկատել է, որ Հայաստանը ԼՂՀ-ի անվտանգության երաշխավորն է, և Հայաստանի որևէ քայլ չի կարող հակասել Արցախի շահերին: Նրա գնահատմամբ՝ Հայաստանը և Լեռնային Ղարաբաղը մեկ միասնական տնտեսական տարածք են:


Ուսանողների խնդրանքով ԱԺ փոխնախագահը ներկայացրել է նաև Հայաստանի ներքին և արտաքին մարտահրավերները՝ համոզմունք հայտնելով, որ երկրի կայուն զարգացումն ու ազգային իղձերի արդյունավետ իրականացումը պայմանավորված է Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնությամբ, յուրաքանչուր հայ մարդու՝ հայրենիքին անմնացորդ ծառայելու հստակ գիտակցությամբ ու նվիրումով: