Երևանի փոխքաղաքապետն էլ տեղյակ չէ, թե ձուլարանից ուր է անհետացել Անաստաս Միկոյանի արձանը

13:51 • 30.05.14

Երևանի փոխքաղաքապետ Կամո Արեյանը տեղյակ չէ, թե ձուլարանից ո՞ւր է անհետացել Անաստաս Միկոյանի արձանը։ «Չէ, չէ, տեղյակ չեմ, ի՞նչ անհետանալ»,-ԱԺ-ում լրագրողների հարցին ի պատասխան ասաց փոխքաղաքապետը։

Դիտարկմանը, որ չնայած իրենց պնդումներին, թե դեռևս չկա հստակ նախագիծը, չկա նաև ֆինանսավորման աղբյուրը, բայց արձանը ձուլարանում էր, որն անհետացել է, Կամո Արեյանը կրկին խուսափողական պատասխան տվեց. «Չգիտեմ»։ Այնուհետև նա շտապեց հեռանալ:

Հիշեցնենք, որ այսօր «Հայկական ժամանակը» գրել էր, որ Անաստաս Միկոյանի բրոնզե արձանը «Կռազի պարկի» ձուլարանից անհետացել է։ Ձուլարանի աշխատակիցներն ասել են, որ նույն օրը արձանն իրենց մոտից տարել են։ Թե ով և որտեղ, ձուլարանի վարպետները չեն հայտնել։