Կոպենհագենում մեկնարկել է աշխարհի ամենաառեղծվածային հավաքը՝ Բիլդերբերգը

13:43 • 30.05.14

Դանիայի մայրաքաղաք Կոպենհագենում մոլորակի ամենահարուստ ու ազդեցիկ մարդկանց մասնակցությամբ մեկնարկել է Բիլդերբերգի ամենամյա հավաքը, որը համարվում է աշխարհում ամենագաղտնին ու առեղծվածայինը. այն նաև անվանում են «մասոնական հավաք»։ 


Ինչպես նշում է The Guardian-ը, այս տարի եռօրյա միջոցառումը հոբելյանական է. Բիլդերբերգյան խմբի առաջին հավաքն անցկացվել է 1954թ. մայիսի 29-ին՝ Հոլանդիայում։

 

Աղբյուրը նկատում է, որ դատելով այս տարվա հյուրերի ցանկից՝ կարելի է ենթադրել, որ եռօրյա հավաքի շրջանակներում քննարկվելու են աշխարհի կտրվածքով կարևորագույն հարցեր։ Հրավիրվածների շարքում են Իսպանիայի թագուհի Սոֆիան, Նիդեռլանդների արքայադուստր Բեատրիսը, ՆԱՏՕ-ի, Արժույթի միջազգային հիմնադրամի, Մեծ Բրիտանիայի արտաքին հետախուզության (MI6), HSBC, Shell, British Petrolium, Goldman Sachs International, Google ընկերությունների ղեկավարները, տասնյակ այլ գործադիր տնօրեններ, միլիարդատերեր, եվրոպացի բարձրաստիճան պաշտոնյաներ։

  

Սովորաբար, Բիլդերբերգի շրջանակներում աշխարհի ամենահզորներն ու ազդեցիկները քննարկում են արևմտյան քաղաքակարթության խնդիրները՝ մեգաթրենդերը։

 

Ենթադրվում է, որ այս տարվա օրակարգում դրված են Եվրոպայի հետագա զարգացման, Ուկրաինայում տեղի ունեցող դեպքերի, ինչպես նաև հետախուզական ծառայությունների աշխատանքի վերաբերյալ հարցերը։

 

The Guardian-ը նշում է, որ եռօրյա հավաքն անցկացվում է 3 մ բարձրությամբ անվտանգության պարսպից այն կողմ՝ Կոպենհագենի Marriott հյուրանոցում։ Լրագրողներին խստիվ արգելվում է լուսանկարել կամ հարցազրույց վերցնել հավաքի մասնակիցներից։ Հայտնի է, որ արդեն 2 լրագրող է ձերբակալվել՝ հավաքի կազմակերպիչներին խոսեցնելու փորձի համար։