ԵՏՄ-ն սահմանների հարց լուծելու լիազորություն չունի, և ՀՀ-ն չի անելու մի քայլ, որը կվնասի ԼՂՀ-ին. Էդուարդ Շարմազանով

16:37 • 30.05.14

Թե Մաքսային միությունը, թե Եվրասիական տնտեսական միությունը սահմանների հարց չեն լուծում և չեն էլ կարող լուծել, քանի որ նման լիազորություն չունեն, ուստի սահմանների մասին խոսելը և դա կապելը Մաքսային միության կամ Եվրասիական տնտեսական միության հետ՝ ավելորդ է. այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ անդրադառնալով երեկ Աստանայի իրադարձություններին:

Էդուարդ Շարմազանովն ընդգծեց, թե բոլորի համար էլ պարզ է, որ ՀՀ-ն և ԼՂՀ-ն մեկ միասնական տնտեսական տարածք է։ «Եվ այդպես էլ կլինեն, սա անհերքելի է»,-նկատեց նա:

Ըստ Շարմազանովի՝ այլևս փաստ է, որ Հայաստանի Հանրապետությունը և Եվրասիական տնտեսական միության երեք հիմնադիր երկրները եկել են համաձայնության, որ մինչև հունիսի վերջ ՀՀ-ն անդամակցելու է այդ միությանը, մնացել են մի քանի տեխնիկական բնույթի հարցեր, որոնք սահմանների հետ ոչ մի կապ չունեն և ընդամենը ներմուծման ու արտահանման հետ կապ ունեն:

«Իսկ ինչո՞ւ սահմանների հետ կապ չունեն, որովհետև, կրկնվեմ, ՄՄ-ն և ԵՏՄ-ն այն կազմակերպությունները չեն, որոնք ճշգրտելու կամ քննարկելու են սահմանների հարցը»:

ԱԺ փոխնախագահն ընդգծեց՝ այս միություններից և ոչ մեկին Հայաստանը չի անդամակցում Ղարաբաղի հարցը լուծելու համար, ինչպես չի անդամակցել Առևտրի համաշխարհային կազմակերպությանը՝ Ղարաբաղի հարցը լուծելու համար:

«Ղարաբաղի հարցի լուծման համար կա Մինսկի խմբի համանախագահության ձևաչափ, և այս խնդրի ու սահմանների ճշգրտման հարցի կապումը միության անդամակցության հետ, իրականության հետ որևէ կապ չունի»,-նշեց նա։

ԱԺ փոխնախագահը նաև նշեց, որ Հայաստանում կա կայացած հասարակություն, քաղաքական դաշտ, մամուլ ու ժամանակն է, որ տարբերեն բանակցային գործընթացը հրապարակային ուղերձներից, և հասկանան՝ ինչու և ում համար են արվում այդ ուղերձները: «Ես խնդրում եմ ձեզ, որ աժիոտաժ չսարքենք այս հայտարարությունից, հաստատ դա ոչ ձեզ, ոչ ինձ, ոչ մեր հասարակությանը, ոչ մեր պետությանն օգուտ չի բերելու, և կարիք չկա այս հարցից մի մեծ փուչիկ փչել ու ուռեցնել: ՀՀ-ն չի անելու մի քայլ, որը կվնասի Արցախի Հանրապետությանը, ՀՀ-ն համարվել և համարվում է Արցախի Հանրապետության անվտանգության երաշխավորը»,-հայտարարեց ՀՀԿ խոսնակը: