Քրեական աշխարհը երբեք ինձ չի նեղել, որովհետև չստուգված բան չեմ ասել. Սերգեյ Գալոյան

21:33 • 30.05.14

Քրեական աշխարհում տեղի ունեցող իրադարձությունները մեկնաբանող քրեագետ Սերգեյ Գալոյանը քրեական աշխարհի հետ խնդիրներ չի ունեցել, քանի որ երբեք ոչ ստույգ կամ չստուգված տեղեկատություն չի փոխանցել:


Այս մասին Tert.am-ին ասաց քրեագետը՝ ի պատասխան հարցի, թե իր մեկնաբանությունների ու պարզաբանումների համար երբեք խնդիրներ չի՞ ունեցել քրեական աշխարհի հետ:


«Չարդ տանեմ, ես սխալ ինֆորմացիա չեմ տարածել, առավել ևս՝ որևէ մեկից չեմ բամբասել: Տեսնու՞մ եք՝ Դուք ինձ ասում եք՝ «ասում են»,-ասաց քրեագետը:


Հիշեցնենք, որ այսօր «Ժողովուրդ» թերթը գրել էր, որ քրեական աշխարհում հայտնի Օշականցի Գևորիկը խնդիրներ ունի երրորդմասցի Լյովիկի հետ, և ըստ թերթի՝ մեկին հովանավորում է վարչապետ Հովիկ Աբրահամյանը, մյուսին՝ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը:


Ի պատասխան նման տեղեկատվությունը մեկնաբանելու խնդրանքի՝ Սերգեյ Գալոյանը կրկնեց, որ խոսում է միայն այն ժամանակ, երբ իր ձեռքին կան փաստեր, իսկ նման բանը վկայող փաստեր նա չունի:


«Հատկապես հիմա, ինձ ճիշտ հասկացեք, Հովիկ Աբրահամյանը էսպիսի խաղերի մեջ չէր մտնի, ինձ թվում է… իսկ որքանով է դա ճիշտ կամ սխալ՝ ինչ-որ մեկը պետք է ապացուցի, չէ՞… ո´չ Հովիկ Աբրահամյանն է իմ հորեղբոր տղան է, ո´չ էլ՝ Ռուբեն Հայրապետյանը՝ իմ մորաքրոջ թոռը»,-ամփոփեց քրեագետը: