Մայդանի ակտիվիստները Կիևի քաղաքապետարանի շենքը կազատեն նոր քաղաքապետի համար

17:52 • 30.05.14

Ուկրաինայում Մայդանի ակտիվիստները խոստանում են ազատել Կիևի քաղաքապետարանի շենքը, որը զբաղեցնում են անցած տարվա դեկտեմբերից, մինչ Վիտալի Կլիչկոյի՝ մայրաքաղաքի նորընտիր ղեկավարի լիազորությունները ստանձնելը, գրում է ria.ru-ն:

 

Վիտալի Կլիչկոն, ով հաղթել է Կիևի քաղաքապետի ընտրություններում, ավելի վաղ հայտարարել էր, որ Անկախության մայդանում բարիկադները կատարել են իրենց գործառույթը, և դրանք պետք է հավաքել: Երեքշաբթի նա այցելել է Կիևի քաղաքապետարան, որտեղ մինչ այժմ գտնվում են ինքնապաշտպանության ակտիվիստները, և խնդրել նրանց ազատել շենքը:

 

Անկախության մայդանում ճամբարային քաղաքի բնակիչներն ավելի վաղ խոստացել էին հավաքել բարիկադների մի մասը և ճամբարային քաղաքը՝ հրապարակը նախագահի երդմնակալության արարողության նպատակով ազատելու համար:

 

Ուկրաինայի նախագահի և քաղաքապետի ընտրությունները կայացել են մայիսի 25-ին։