Իրանում գրանցվել է MERS վարակից առաջին մահացության դեպքը

12:31 • 30.05.14

Իրանում գրանցվել է MERS վիրուսից՝ մերձավորարևելյան շնչառական համախտանիշի վարակից առաջին մահվան դեպքը, հայտնում է «Ազատության» ռուսալեզու ծառայությունը:

 

IRNA պետական լրատվականը հինգշաբթի հաղորդել է այս մասին՝ վկայակոչելով երկրի առողջապահության նախարարությանը: Ըստ այդմ՝ մահացողը 53-ամյա կին է՝ հարավ-արևելյան Կերման քաղաքից: Հայտնի չէ, թե ինչ պայմաններում է նա վարակվել:

 

Դրանից մեկ օր առաջ տեղական ԶԼՄ-ները հայտնել էին Իրանում այդ վարակով հիվանդանալու առաջին դեպքերի մասին:

 

MERS վարակն առաջին անգամ հայտնաբերվել է 2012-ին Սաուդյան Արաբիայում: Ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության՝ մինչ օրս այդ վարակով հիվանդացել է 636, մահացել՝ 193 մարդ:

Վիրուսը խոցում է շնչառական համակարգի, թոքերի բջիջները, մարդուց մարդ անցումը քիչ հավանական է գնահատվում: Համարվում է, որ վիրուսը կարող է փոխանցվել կատուներից, ուղտերից, կապիկներից, արմավենիներից, միջատներից և այլն։