Ադրբեջանում ԱՄՆ դեսպանատունը դարձյալ քննադատել է Ադրբեջանին

10:10 • 30.05.14

Ադրբեջանում ԱՄՆ դեսպանատունը քննադատել է Ադրբեջանի իշխանությանն Ընտրությունների մշտադիտարկման և ժողովրդավարության ուսումնասիրության կենտրոնի ղեկավար Անար Մամեդլիի, այդ կազմակերպության գործադիր տնօրեն Բաշիր Սուլեյմանլըի և գործընկեր կազմակերպության ղեկավար Էլնուր Մամեդովի դատավճիռների համար, տեղեկացնում է haqqin.az-ը:

 

«Այդ ձերբակալությունները լուրջ ճնշումներ են Ադրբեջանի ժողովրդավարական զարգացման համար: Լինելով Ադրբեջանի հիմնական գործընկերը՝ մենք հավատում ենք, որ երկրի կայունության և զարգացման համար ամենակարևոր քայլը բաց հասարակության ստեղծումն է», - ասված է դեսպանատան տարածած հաղորդագրության մեջ:

 

Մայիսի 27-ին Բաքվի ծանր հանցագործությունների դատարանն Անար Մամեդլիին դատապարտել էր 5.5 տարվա, Բաշիր Սուլեյմանլըին՝ 3.5 տարվա ազատազրկման, իսկ Էլնուր Մամեդովին՝ նույնքան ժամկետով պայմանական ազատազրկման:

 

Նրանք մեղավոր են ճանաչվել հարկերից խուսափելու, ֆինանսական միջոցներ յուրացնելու, լիազորությունները չարաշահելու և այլ մեղադրանքներով:

 

Հիշեցնենք, որ օրեր առաջ դեսպան Մորնինգսթարը դարձյալ քննադատել էր Ադրբեջանին, չբացառելով, որ այնտեղ կարող են կրկնվել ուկրաինական Մայդանի իրադարձությունները։ Դրանից հետո նա կանչվել էր Ադրբեջանի արտգործնախարարություն՝ պատասխան տալու: