Երեխաների սեռային բալանսը նորմայից մեծ շեղում է գրանցել. ՄԻՊ խորհրդական
Երեխաների սեռային խտրականություն, միանշանակ, Հայաստանում գոյություն ունի. այսօր բազմաթիվ են սեռով պայմանավորված` հղիության արհեստական ընդհատումների դեպքերը, ինչի արդյունքում էլ արդեն իսկ երեխաների սեռային բալանսը խախտվել է: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց մարդու իրավունքների պաշտպանի` երեխաների հարցերով խորհրդական Աննա Սաֆարյանը:
«Այսօր 114 տղայի դիմաց մոտ 100 աղջիկ է ծնվում, որը նորմայից շատ մեծ շեղում է, տղան պետք է լինի 100-104, և ներկայիս տվյալներով՝ մեծ թիվ է կազմում այդ ավելացումը»,-ասաց նա:
Վերջինիս ներկայացմամբ՝ հայ ժողովուրդն ավելի շատ նախընտրում է տղա երեխա ունենալ՝ պայմանավորված տարբեր կարծրատիպերով, իսկ սելեկտիվ աբորտների երևույթը խիստ արտահայտված խտրականություն է աղջիկ երեխաների նկատմամբ:
Աննա Սաֆարյանը տեղեկացրեց, որ երևույթը կանխելու համար ՀՀ առողջապահության նախարարության կողմից նախագիծ է մշակվում, որպեսզի երեխայի սեռը հայտնելու ժամկետն ավելի երկարաձգվի, այսինքն՝ մինչև հղիության 30 շաբաթականը երեխայի սեռը չհայտնեն ծնողներին:










