Աբխազիայի նախագահը խոստացել է երկրում ուկրաինական սցենարի կրկնություն թույլ չտալ
Աբխազիայի նախագահ Ալեքսանդր Անկվաբը Коммерсант FM ռադիոկայանի եթերում հայտարարել է, որ ջանք չի խնայի երկրում ուկրաինական սցենարի կրկնություն թույլ չտալու համար։
Ինչպես նշում է Газета-ն, նրա խոսքով՝ ողբերգական հետևանքներով, զոհերով ու արյունահեղությամբ ուղեկցվող պետական հեղաշրջումները երբևէ օգուտ չեն բերել պետություններին։ «Թող ինձ ներեն, բայց ասվածի վառ օրինակն են Ուկրաինայում տեղի ունեցած դեպքերը», -ասել է Անկվաբը։
РИА-Новости-ն նշում է, որ երկրի ղեկավարը հավելել է, որ Աբխազիայի բնակչության մեծ մասը ցանկանում է պահպանել անկախությունը, մինչդեռ Ռուսաստանին միանալու ցանկություն ունեցող աբխազների թիվը բավական չնչին է։
Ինչպես ավելի վաղ հայտնել էր Tert.am-ը, Անկվաբը հայտարարել է, որ չի պատրաստվում ինքնակամ հրաժարական տալ՝ հավելելով, որ երկրի վարչապետ Լեոնիդ Լակերբայային ևս պաշտոնանկ անելու մտադրություն չունի։
Աբխազիայի ընդդիմությունն իր հերթին տեղեկացրել է, որ պատրաստվում է 2 օրվա ընթացքում ժամանակավոր կառավարություն ստեղծել։ Այն գործելու է մինչ նախագահական ընտրությունները, որոնք, Անկվաբի հրաժարականի դեպքում, հնարավոր է կայանան 3 ամիս անց։
Հիշեցնենք, որ մայիսի 27-ին Սուխումիում զանգվածային հանրահավաք էր անցկացվել, որը վերածվել էր անկարգությունների. ընդդիմադիրները գրավել էին նախագահի նստավայրն ու պետական հեռուստատեսության շենքը։










