ԱՄՆ-ի ԱԱԳ-ն հրապարակել է իր և Սնոուդենի նամակագրությունը
ԱՄՆ-ի Ազգային անվտանգության գործակալությունը հրապարակել է իր նամակագրությունը նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենի հետ, որպեսզի հերքի նրա հայտարարություններն այն մասին, թե ինքը փորձել է գործել ըստ սահմանված կարգի, հայտնում է Interfax-ը:
Ավելի վաղ Սնոուդենը NBC-ին տված հարցազրույցում, ի թիվս այլնի, ասել էր, որ իրեն հրաման էին տվել հարցեր չտալ:
Հրապարակված նամակագրության մեջ Սնոուդենն իրավաբանական ծառայությանը խնդրում է բացատրել՝ արդյոք ղեկավարության հրահանգները չեն հակասում դաշնային օրենքներին և հարցնում է՝ ինչն է ավելի կարևոր՝ Պենտագոնի՞, թե՞ ազգային հետախուզության տնօրենի հրահանգները: Նամակը թվագրված է 2013-ի ապրիլի 5-ով: ԱԱԳ-ն վստահեցնում է, որ սա Սնոուդենի միակ նամակն է իրավաբանական ծառայությանը։
Սնոուդենն արձագանքել է այս հրապարակմանը՝ նշելով, որ ԱԱԳ-ն միայն մասամբ է հրապարակել իրենց նամակագրությունը։










