Հալեպի հայաբնակ թաղամասերում իրավիճակը երեկ չափազանց լարված է եղել. պայթել է ավելի քան 22 ինքնաշեն հրթիռ (լուսանկարներ)

10:38 • 31.05.14

Սիրիայի հայաշատ Հալեպ քաղաքի հիմնականում հայաբնակ Նոր Գյուղ թաղամասում երեկ իրավիճակը չափազանց լարված է եղել։

Նոր գյուղի տարբեր փողոցներում զինյալ խմբավորումների կողմից արձակված տասնյակ ռումբեր, ինքնաշեն հրթիռներ են պայթել։ Համաձայն տարածված տեղեկության՝ պայթել է գազի բալոնով պատրաստված առնվազն 22 ինքնաշեն հրթիռ։

Ինչպես տեղեկացնում է Հալեպի «Գանձասար» շաբաթաթերթի ֆեյսբուքյան էջը, արձանագրվել է ավելի քան 22 զոհ և 77 վիրավոր։

Հալեպի լրատվական ծառայությունը Նոր Գյուղի հայությանը կոչ է արել տներից դուրս գալ միայն ծայրահեղ անհրաժեշտության դեպքում, հեռու մնալ պատշգամբներից և պատուհաններից։

Մարդկային կորուստներից բացի արձանագրվել են նյութական լուրջ վնասներ, բնակարաններ են փուլ եկել։
Զոհերի և վիրավորների թվում հայերի առկայության մասին տեղեկություններ չեն հաղորդվում։

Անցնող 3 պատերազմական տարիների ընթացքում Սիրիայում տարբեր տեղեկություններով զոհվել է 130-180 հազար մարդ։ Ազգությամբ հայ զոհերի թիվն անցնում է 100-ը։