Հանգստյան օրերին Ուկրաինան Եվրոպայից զրահաբաճկոններ և սաղավարտներ կստանա. Ավակով
Առաջիկա հանգստյան օրերին Կիևը շուրջ 3.000 զրահաբաճկոն և ավելի քան 7.000 սաղավարտ կստանա։ Այս մասին տեղեկացրել է Ուկրաինայի Ներքին գործերի նախարար Արսեն Ավակովը։
Ինչպես տեղեկացնում է korrespondent.net-ը, նրա խոսքով՝ զրահաբաճկոնները գնել են եվրոպական երկրներից մեկի հետ կնքված համաձայնագրով։ Դրանց բարձր որակը թույլ կտա անհրաժեշտ կերպով պաշտպանել ուկրաինացի ուժայիններին։
Ավակովը նաև նշել է, որ Սլավյանսկում կայացած մարտերի ընթացքում ուժայինները հայրենական արտադրության նոր մարտական մեքենաներ՝ БТР - 4Е են օգտագործել։
Այդ մեքենաների առաջին խմբաքանակը մայիսի 7-ին հանձնել է Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը։
ՆԳ նախարարը հավաստիացրել է, որ առաջիկա ժամերին հրապարակվելու է զեկույց այն գումարների մասին, որոնք ծախսվել են պաշտպանության, ինչպես նաև զենք ձեռք բերելու համար։
Նախօրեին Ուկրաինայի նախագահի պաշտոնակատար Ալեքսանդր Տուրչինովը հայտարարել էր, թե Պաշտպանության նախարարությունը գնել է 24.000 ժամանակակից զրահաբաճկոն։










