Շատ մոտ ապագայում ՀՀ իշխանությունը կանցնի Զաքիյան փողոցով. ՀԿԿ առաջին քարտուղար
Հայաստանի կոմունիստական կուսակցության առաջին քարտուղար Տաճատ Սարգսյանը գտնում է, որ շատ շուտով ՀՀ իշխանությունները կանցնեն Երևանի Զաքիյան փողոցով: «Շատ մոտ ապագայում այդ ճանապարհները կտեղափոխվեն դեպի Զաքիյան փողոց, հետո նաև Բաղրամյան փողոց»,-այսօր կայացած ասուլիսին հայտարարեց նա՝ հակադարձելով Հանրապետական կուսակցության խոսնակ Էդուարդ Շարմազանովի հայտարարությանը, թե ՀՀ իշխանության ճանապարհները դեռ երկար կանցնեն ՄԵլիք Ադամյան փողոցով, որտեղ գտնվում է իշխող կուսակցության գրասենյակը:
ՀԿԿ առաջին քարտուղարը նաև հայտարարեց, թե ՀՀԿ-ն նմանվում է բոլշևիկյան կուսակցության:
Անդրադառնալով Երևանում բոլշևիկ Անաստաս Միկոյանի արձանի տեղադրմանը՝ Տաճատ Սարգսյանն ասաց. «Շատ կարելի է խոսել Միկոյանի մասին, բայց կարծում եմ՝ պետք է դադարեցնել նրա արձանի շուրջ ստեղծված աժիոտաժը: Հայաստանի Կոմունիստական կուսակցության համակիրների կարծիքով՝ Միկոյանի արձանը պետք է անպայման կանգնեցվի մայրաքաղաքում»:
Տաճատ Սարգսյանը նաև վստահեցրեց, որ իրենց կուսակցությունը շատ մոնոլիտ կուսակցություն է: «Մեր կուսակցությունում չեն եղել, չկան և չեն կարող լինել տարաձայնություններ»,-ասաց նա՝ ևս մեկ անգամ շեշտելով, որ շուտով երկրի ղեկը կանցնի իրենց ձեռքը:










