Մեր նպատակն է՝ ավելի բարելավել Հայաստանի հետ հարաբերությունները, մեծացնել ազդեցությունը. Ջոն Հեֆերն. amerikayidzayn.com

12:06 • 31.05.14

Ամերիկայի Միացյալ Նահագների նպատակն է՝ ավելի բարելավել Հայաստանի հետ հարաբերությունները, այստեղ մեծացնել ազդեցությունը։ Այս մասին Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Հեֆերնը հայտնել է «Ամերիկայի ձայնին»՝ գտնվելով այս օրերին Միացյալ Նահանգներում, որտեղ տարբեր քաղաքներում հանդիպումներ է անցկացնում հայկական համայնքների ներկայացուցիչների ու այն ընկերությունների հետ, որոնք կարող են ունենալ հետաքրքրություններ Հայաստանում ներդրումներ կատարելու հարցում:

Պատասխանելով լրագրողի այն հարցին, որ կարելի՞ է ասել, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման գործընթացը հայտնվել է պատային իրավիճակում, Ջոն Հեֆերն ասել է.« Այդպես կարելի է ասել, սակայն պետք է ասեմ նաև, որ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքն ամբողջությամբ տարված է իր պարտականություններով, որը Պետդեպարտամենտից ստացել է հակամարտության կողմերին իրար մոտ բերելու հարցում ջանք չխնայելու առաջադրանք։ Բանակցային գործընթացում շատ քիչ առաջընթաց կա, սակայն Ուորլիքն ունի շատ հստակ պարտավորություն. որ ստեղծվեն երկու կողմերի միջև բանակցությունները խորացնելու պայմաններ»:

Ամերիկացի դիվանագետը հատարարել է, որ Մաքսային Միությանը միանալու որոշման մասին հայտարարելուց հետո, Հայաստանի նախագահը նաև շատ կարևոր ազդանշան տվեց ԱՄՆ-ին ու Եվրոպային, որ Հայաստանը ցանկանում է մնալ գործընկեր մեզ հետ։ Օրինակներից մեկը կարելի է համարել Որոտան գետի վրա հիդրոէլեկտրակայանների համալիրի գնման վերաբերյալ ամերիկյան «Քոնթուր Գլոբալ» ընկերության հետ համաձայնագիրը:

Որպես Թուրքիայի կարևոր դաշնակից պետություն, ԱՄՆ-ը կխրախուսի՞ Թուրքիայի նախագահին 2015 թվականի ապրիլի 24-ին այցելել Երևան։ Այս հարցին ի պատասխան՝ դեսպան Հեֆերնն ասել է. «Վարչապետ Էրդողանի այս տարվա ապրիլյան հայտարարությունը մի քայլ առաջ էր, չնայած Հայաստանը գտնում է, որ պիտի ավելին արվի։ Մենք կաշխատենք լինել ավելի օգտակար, բայց Թուրքիայի վարչապետն ու նախագահն իրենք կկայացնեն որոշում այդ մասին»։

Մանրամասները՝ սկզբաղբյուր կայքում։