Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցներն օգնեցին անցկացնել Ուկրաինայի ընտրությունները. Ուկրաինայում ԱՄՆ դեսպան

10:31 • 31.05.14

Ռուսաստանի նկատմամբ ԵՄ-ի և ԱՄՆ-ի պատժամիջոցների նշանակությունը չի կարելի թերագնահատել, չէ՞ որ դա այն գործոններից էր, որն օգնեց ընտրություններ անցկացնել Ուկրաինայում, հայտարարել է Ուկրաինայում ԱՄՆ դեսպան Ջեֆրի Պայետը «Зеркало недели»-ին տված հարցազրույցում, փոխանցում է Корреспондент-ը։

 

«Նախևառաջ, կնշեմ, որ Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցներն արդեն կատարել են իրենց դերը և շարունակում են դա անել։ Դա այն գործոններից էր, որն օգնեց ընտրությունները բավականին լավ անցկացնել։ Շատ կարևոր է և՛ ԱՄՆ-ի, և՛ մեր եվրոպական գործընկերների համար շարունակել ճնշում գործադրել Ռուսաստանի վրա»,- նշել է Պայետը։

 

ԱՄՆ դեսպանը նշել է նաև, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հունիսին Եվրոպայի երկրներում շրջագայության ընթացքում բավականին ժամանակ կունենա եվրոպացի առաջնորդների հետ Ռուսաստանի նկատմամբ նոր պատժամիջոցների հարցը քննարկելու համար։

 

«Ես գիտեմ, որ պատժամիջոցները լուրջ ազդեցություն են ունենում Ռուսաստանի տնտեսության վրա։ Իհարկե, Ռուսաստանի կոնկրետ քայլերի պատճառահետևանքային կապը, ինչն է ստիպել նրան իրեն այդպես պահել այս կամ այն կերպ, դա քաղաքագետների հետազոտությունների առարկան է։ Սակայն ինձ համար հետաքրքիր է հետևել, թե ինչպես են որոշ վերլուծաբաններ, որոնք դեռևս մի քանի շաբաթ առաջ վստահեցնում էին, որ պատժամիջոցները ոչ մի ազդեցություն չեն ունենում, այժմ գրում պատժամիջոցների լուրջ դերի մասին նրանում, որ ուկրաինացի ժողովուրդը հնարավորություն է ստացել իրականացնել իր իրավունքը՝ ընտրել իր երկրի ղեկավարությունը»,- ասել է Պայետը։

 

Ամերիկացի դեսպանը հաստատել է, որ ԱՄՆ-ն երբեք չի ընդունի Ղրիմի միացումը Ռուսաստանին և կնպաստի թերակղզու վերադարձմանն Ուկրաինայի կազմ։