Երևանի քաղաքապետարանի աշխատակիցներն այցելել են «Շենգավիթ» ծննդատուն, նվերներ հանձնել

13:51 • 01.06.14

Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրվա՝ հունիսի 1-ի առթիվ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետը, աշխատակազմի առողջապահության վարչության պետի տեղակալի և բաժնի մի խումբ աշխատակիցների հետ այցելել են «Շենգավիթ» ծննդատուն՝ հունիսի 1-ին ծնված երեխաների մայրերին շնորհավորելու և նրանց հանձնելու Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ պատրաստած նվերները։


Ինչպես տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը, այնուհետ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի աշխատակիցները այցելել են Մարի Իզմիրլյանի անվան մասնագիտացված մանկատուն՝ սաներին հանձնելու օրվա նվերները։


«Այսօր մայրաքաղաքում բազմաթիվ մանկական միջոցառումներ են անցկացվում և հատկապես առանձնահատուկ խնամքի կարիք ունեցող երեխաները Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրվա միջոցառումներին պետք է անմասն չմնան։ Երևանի քաղաքապետի հանձնարարությամբ այս երեխաների համար ոչ միայն նվերներ ենք պատրաստել, այլ նաև տոնական միջոցառում. այսօր նրանք տիկնիկային ներկայացում էլ են դիտելու»,- նշել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետ Իդա Խաչատրյանը։