Սյունիքն ահ ու սարսափի մեջ է՝ Սուրիկ Խաչատրյանի և նրա ընտանիքի պատճառով. Լ. Սարգսյան

11:19 • 01.06.14

ԱԺ «Հայ ազգային կոնգրես» խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը, Tert.am-ի հետ զրույցում անդրադառնալով Գորիսում տեղի ունեցող իրադարձություններին՝ ընտրություններ, ինքնաբացարկներ ու ծեծկռտուք, որտեղ մշտապես շրջանառվում է Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի անունը, ասաց, թե Սյունիքն ահ ու սարսափի մեջ է՝ նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի և նրա ընտանիքի ահաբեկչական գործողությունների պատճառով։


«Բոլորն էլ գիտեն, թե այդտեղ ինչ «բեսպրեդել» է տիրում և գիտեն, որ յուրաքանչյուրին կարող են ծեծել, սպանել ու տրորել և մնալ անպատիժ, իսկ ինչպես գիտեք, անպատժելիությունը ծնում է նոր հանցանք, որի ականատեսն ենք մենք»,- ասաց նա։


Ընդդիմադիր պատգամավորի համար զարմանալի չէ, որ Սուրիկ Խաչատրյանի ընտանիքի անդամներին է վերագրվում հերթական ակնհայտ ծեծկռտուքը և ապա հայտարարվում, որ իրականությանը չի համապատասխանում լուրը։


«Ոչ մի զարմանալի բան չեմ տեսնում, դա Սուրիկ Խաչատրյանի ընտանիքին հատուկ վարքագիծ է, և եթե Վլադիմիր Գասպարյանը հայտարարում էր, թե ոչ մի հանցակազմ չունեմ ձերբակալելու կամ գործ հարուցելու, ես դրանից չեմ զարմանում, որովհետև մենք բազմաթիվ անգամներ ականատես ենք եղել, թե հանցագործ գործողություններից հետո Սուրիկ Խաչատրյանն ու իր ընտանիքն ինչպես են անպատիժ մնացել»,-նշեց նա։


Հիշեցնենք, որ ըստ ՀՀ ոստիկանությունը տարածած հաղորդագրությամբ հաստատել էր տեղեկությունը, որ մայիսի 25-ին` ժամը 23-ին, Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի եղբորորդին` Էյներ Խաչատրյանը ծեծի է ենթարկել Գ.Հ.-ին և Ա.Հ-ին, ներկայումս միջադեպի հանգամանքները պարզվում են, կատարվում է հետաքննություն, որից հետո արդեն ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը հայտարարել էր, որ Էյներ Խաչատրյանի դեմ քրեական գործ չի հարուցվել՝ հանցակազմի բացակայության հիմքով:


«Դա խոսում է մի բանի մասին, որ Սերժ Սարգսյանն ամեն կերպ հովանավորում է Սուրիկ Խաչատրյանին, որովհետև նա լավագույնս ծառայել է Սերժ Սարգսյանի նպատակներին։ Դա ևս մեկ կոնկրետ փաստ, որ մեր երկրում կիրառվում են երկակի ստանդարտներ։ Մի բան է մարդը, մի բան՝ օլիգարխը, օրենքը պաշտպանում է օլիգարխին, ազատում է բոլոր տեսակի պատասխանատվությունից և պատժում է քաղաքացուն»,- նշեց նա։
Անդրադառնալով հունիսի 8-ին սպասվող Գորիսի քաղաքապետի ընտրություններին, Լյուդմիլա Սարգսյանը նկատեց, թե մրցակից թեկնածուները ինքնաբացարկ հայտնեցին, և մնաց Սուրիկ Խաչատրյանի նախընտրած թեկնածուն, դրանով ապահովելով ոչ միայն Սուրիկ Խաչատրյանի ազդեցությունն ու հաղթանակը Գորիսում, այլ նաև ապահովելով նրա հաղթանակը, ով հովանավորում էր նախկին մարզպետին։


«Սուրիկ Խաչատրյանը ոչինչ չէր կարող անել, եթե նրա հովանավորյալի ձեռքը նրա գլխին չլիներ։ Եթե վերջին դեպքը անգամ Վլադիմիր Գասպարյանը հերքում է, այն դեպքում, որ բոլորը գիտեն ինչ է եղել, ուրեմն այդ ձեռքը հրահանգ է իջեցրել, որ ամեն կերպ պաշտպանեն այդ կլանին»,-եզրափակեց նա։