Չեմ թաքցնի, այս պահին էներգետիկ համակարգում որոշակի դժվարություններ կան. փոխնախարար

14:03 • 02.06.14

2013թ. բյուջեի կատարողականի քննարկմանը ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների փոխնախարար Արա Սիմոնյանը, ի պատասխան էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման վերաբերյալ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանի հարցի, ասաց, որ էներգետիկ համակարգում որոշակի խնդիրներ ու դժվարություններ կան:

ԲՀԿ պատգամավորը նախ նշեց, որ Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով, առաջին եռամսյակում 39%-ով կրճատվել են էլեկտրաէներգիայի սպառման ծավալները։
«Գաղտնիք չէ, որ ՀԷՑ-ը կանգնած է սնանկացման եզրին: Հայաստանը կախված է ռուսական գազից, և մեր շնչառությունը, բառի բուն իմաստով, կախված է այդ խողովակի տրամաչափից: Ի՞նչ է անում նախարարությունը, որպեսզի ապահովի էներգետիկ անվտանգությունը»,- ասաց նա:

Փոխնախարար Արա Սիմոնյանը խոստովանեց, որ էլեկտրաէներգիայի սակագների վերանայումը սառեցված չէ` պարբերաբար վերանայվում է:

«Չեմ թաքցնի՝ այս պահին էներգետիկ համակարգում որոշակի դժվարություններ կան: Վերջին տարիները սակավաջուր տարիներ էին ու շատ հիդրոկայանների խնդրի առաջ կանգնեցին: Այս առումով քննարկումները ընթանում են ու եթե շուկայի որոշակի մասնակիցների սակագների վերանայման կարիք լինի, ապա դա պետք է անենք»,-նշեց նա: