Հայաստանը պետք է զգույշ լինի ռուս-թուրքական համագործակցությունից. Արտակ Շաքարյան

12:44 • 02.06.14

Ըստ թուրքագետ Արտակ Շաքարյանի, թեև այսօր գնալով խորանում են ռուս-թուրքական տնտեսական հարաբերությունները, սակայն Մոսկվան ու Անկարան հասկանում են, որ իրենք առհավետ այս տարածաշրջանում մրցակիցներ են: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը թուրքագետ նշեց, որ որքան Արևմուտքի կողմից Ռուսաստանի նկատմամբ սահմանվող սանկցիաները շատանում են, այնքան Թուրքիան ավելի է փորձում իր դիրքերը Ռուսաստանում ամրապնդել:


«Մենք պետք է զգույշ լինենք, որ նրանց համագործակցությունը չվերափոխվի հակահայկական քայլի, օրինակ՝ ԼՂՀ-ի խնդրի հանգուցալուծման մոտեցումներում»,- ասաց նա:


Երկու երկրների արտգործնախարարների հանդիպմանը, Լավրովը ասել է, որ ռազմավարական գործընկերները նրանով են ռազմավարական գործընկերներ, որ պատիվ չեն վերցնում ու ընդունում ռազմավարական գործընկերոջ բոլոր ասածները: «Ռազմավարական գործընկերը այն խաղացողն է, որն ունի գործընկերոջը անհամաձայնություն հայտնելու հնարավորություն որևէ քայլի նկատմամբ և պետք է փորձեն միասին հասնեն ընկալելի, հավասարարժեք արդյունքի: Այսինքն՝ ՀՀ-ն պետք է ավելի ուղղամիտ կերպով խոսի ռուս գործընկերոջ հետ և սեղանին դնի բոլոր քայլերը»,- ասաց նա:


Արտակ Շաքարյանը նշեց, որ հայ և ռուս պաշտոնյաները պետք է քննարկեն ու ցույց տան հարցի շուրջ հասարակական անհամաձայնությունը և վտանգը, որ նման կերպ շարունակվելու դեպքում Հայաստանում հակառուսական տրամադրություն կարող է ձևավորվել, ինչը լավ ապագա չի խոստանում:


Ինչ վերաբերում է Ղարաբաղի խնդրին, ապա, ըստ թուրքագետի, Ռուսաստանը երբեք այն չի նվիրի Թուրքիային ու Ադրբեջանին, այլ կփորձի «ո՛չ խաղաղություն, ո՛չ պատերազմ» իրադրությունը պահել՝ փորձելով հնարավորինս շատ դիվիդենտներ շահել:


«Թե՛ ԱՄՆ-ին, թե՛ Ռուսաստանին, թե՛ ԵՄ-ին այս պահին խնդրի հանգուցալուծում ձեռնտու չէ, դա վերաբերում է նաև Թուրքիային, Ադրբեջանին և Հայաստանին: Այս պահին ստատուս քվոն ձեռնտու է բոլոր բոլորին: Մեզ ձեռնտու է այն պատճառով, քանի որ, թեև Ղարաբաղը շատ լավ վիճակում չէ, բայց հետընթաց էլ չի գնում և կայունություն է տիրում»,- ասաց նա: