Փոխվարչապետն ու եգիպտացի գործարարները քննարկել են համագործակցության հարցեր

22:02 • 02.06.14

ՀՀ փոխվարչապետ, հայ-եգիպտական միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Արմեն Գևորգյանն այսօր ընդունել է եգիպտացի գործարարների պատվիրակությանը՝ Կայուն զարգացման եգիպտական խորհրդի նախագահ և գործարար Մոթազ Ռասլանի գլխավորությամբ: Պատվիրակության կազմում են անշարժ գույքի, զբոսաշրջության, հանքարդյունաբերության, սննդի արտադրության, ներդրումային ոլորտների խոշոր ընկերությունների ներկայացուցիչներ: Այցը ճանաչողական է, և գործարարները նպատակ ունեն տեղում ծանոթանալ համագործակցության հնարավորություններին:

 

Ինչպես հայտնում են տարածքային կառավարման նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից՝ փոխվարչապետը ողջունելի է համարեց պատվիրակության այցը՝ ընդգծելով, որ Եգիպտոսի հետ բոլոր ուղղություններով հետաքրքիր և բավականին ինտենսիվ համագործակցություն է եղել :

 

«Վերջին տարիներին Եգիպտոսի ներքին իրադարձություններով պայմանավորված՝ երկկողմ կապերին նոր խթան հաղորդելու կարիք կա, և մենք ուրախ ենք, որ Եգիպտոսում հետաքրքրված են Հայաստանի հետ համագործակցության զարգացմամբ: Հայկական կողմը նույնպես կարևորում է բարեկամ Եգիպտոսի հետ առևտրատնտեսական հարաբերությունների խորացումը, և կառավարությունը պատրաստակամ է աջակցել փոխշահավետ ծրագրերի իրականացմանը»,-ընդգծել է փոխվարչապետը:


Ըստ նրա՝ երկկողմ համագործակցության տեսանկյունից հեռանկարային կարող են լինել գյուղատնտեսության, զբոսաշրջության, տեղեկատվական տեխնոլոգիաների, վերամշակող արտադրության, ոսկերչության, անշարժ գույքի ոլորտները: Հայաստանը կարող է նաև կամուրջ հանդիսանալ դեպի ավելի մեծ, մասնավորապես՝ ԱՊՀ երկների շուկաներ դուրս գալու համար:


Հյուրերն իրենց հերթին ընդգծել են, որ հետաքրքրված են Հայաստանի հետ տնտեսական կապերի զարգացմամբ և համագործակցության նոր հնարավորություններով: Նրանք այցը բավականին արդյունավետ են համարել և հույս հայտնել, որ արդեն հաջորդ այցելության ժամանակ հնարավորություն կունենան խոսել կոնկրետ ծրագրերի մասին:


Պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ դեսպանատան միջոցով Հայաստանի տնտեսական և ներդրումային դաշտի վերաբերյալ անհրաժեշտ տեղեկատվություն կփոխանցվի եգիպտական ընկերություններին: