Ադրբեջանի գործողություններին համարժեք արձագանքելն արդյունք չի տալիս և չի տա. Ալեքսանդր Իսկանդարյան

19:50 • 02.06.14

Շփման գծում հրադադարի ռեժիմը խախտելով, հատկապես՝ այն օրերին, երբ պետական մակարդակով ինչ-որ իրադարձություններ են տեղի ունենալու կամ ունենում, Ադրբեջանը շարունակ փորձում է ուշադրություն հրավիրել իր վրա: Tert.am-ի հետ զրույցում այս մասին ասաց քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը՝ պատասխանելով հարցին, թե համարժե՞ք է այդ ամենին Հայաստանի արձագանքը:

«Հարցը բոլորովին էլ այն չէ, թե Հայաստանը լռում է, կամ՝ չի լռում: Նախ՝ չի լռում, երկրորդ՝ չեմ կարծում, թե նպատակահարմար է ինչ-որ բառերով պատասխանել, քանի որ նրանց քայլերի պատճառները պարզ են»,-ասաց Ալեքսանդր Իսկանդարյանը։


«Հայաստանն արձագանքում է այդ կրակոցներին: Եվ տեսնում ենք, որ ադրբեջանցիների զոհերի թիվն ավելի շատ է, քան՝ հայերինը: Սովորաբար Հայաստանը նմանատիպ գործողություններին ավելի կոշտ է արձագանքում: Բայց դա ոչ մի արդյունք չի տալիս. իմ կարծիքով՝ դժվար թե տա մի պարզ պատճառով՝ Հայաստանը և Ադրբեջանը տարբեր կառուցվածք ունեցող պետություններ են, մամուլը նույնպես տարբեր կառուցվածք ունի»,-հավելեց նա։

Քաղաքագետն ասաց նաև, թե իրեն թվում է, որ այդ գործողությունները դեռ շարունակվելու են: «Սա այն գինն է, որ պետք է վճարել ստատուս քվոյի համար, այն բալանսի համար, որ կա սահմանին»,-եզրափակեց Ալեքսանդր Իսկանդարյանը: