Կլիչկոն համաձայնել է Կիևի քաղաքապետի ընտրությունների քվեների վերահաշվարկ իրականացնել
Ուկրաինական «ՈւԴԱՌ» կուսակցության առաջնորդ Վիտալի Կլիչկոն, ով նախնական տվյալներով հաղթել է Կիևի քաղաքապետի ընտրություններում, աջակցել է երկրի նախագահի պաշտոնակատար Ալեքսանդր Տուրչինովի առաջարկին՝ քվեների վերահաշվարկ իրականացնել, որպեսզի դրանց հավաստիությունը կասկած չհարուցի, տեղեկացնում է Взгляд-ը։
«Եթե առկա է որոշակի կասկած մայրաքաղաքում անցկացված ընտրությունների արդարության, եթե կան կասկածներ ձայների օբյեկտիվ հաշվարկի վերաբերյալ, մենք պետք է բաց և թափանցիկ ձևով դրանք վերահաշվենք»,-ասել է Կլիչկոն։
Նա նաև նշել է, որ երկրի նոր իշխանությունը պետք է ապահովի քաղաքի հուսալի գործունեությունը։ «Կարևորն այժմ արդյունավետ գործելն է։ Մենք կանենք ամեն ինչ՝ չհիասթափեցնելու համար այն մարդկանց, որոնք հավատացել են մեզ և նորընտիր իշխանությունների հետ հույսեր են կապում»,- ասել է Կլիչկոն։
Ավելի վաղ Ժողովրդավարական դաշինքի առաջնորդ Վասիլի Գացկոն, որի ակտիվիստները մասնակցել էին «Եվրամայդանին», հայտարարել էր ձայների հաշվարկի ընթացքում թույլ տրված խախտումների մասին։
Ընտրությունը կայացել էր մայիսի 25-ին՝ նախագահական ընտրություններին զուգահեռ։










