«Նավթոգազ Ուկրաինան» համաձայնագրի նոր պայմաններ է ներկայացրել «Գազպրոմին»
«Նավթոգազ Ուկրաինան» ռուսական «Գազպրոմ» ընկերությանը լրացուցիչ համաձայնագրի նախագիծ է ներկայացրել՝ առաջարկելով փոփոխել պայմանագրի գինը, ծավալը և բնական գազի մատակարարման պայմանները։
Ինչպես տեղեկացնում է Lenta.ru-ն, այդ մասին ասված է ուկրաինական ընկերության հաղորդագրությունում։
Առաջարկվում է լրացումներ մտցնել 2009թ.-ի հունվարի 19-ին կնքված համաձայնագրում։
Ուկրաինա-Ռուսաստան-ԵՄ բանակցությունների արդյունքում անցած շաբաթ կողմերը նոր ծրագիր էին նախապատրաստել, համաձայն որի «Նավթոգազը» պետք է մասնակի մարեր գազի պարտքը՝ մինչև մայիսի 29-ը։
Մոսկվան հայտարարել էր բանակցությունները շարունակելու պատրաստակամության մասին, ինչպես նաև խոսել էր Կիևի համար հնարավոր զեղչերի մասին, եթե առաջին վճարումն արվի ժամանակին։
Մայիսի 30-ին ԵՄ էներգետիկ հարցերով հանձնակատար Գյունտեր Էթինգերը հայտարարել էր ուկրաինական պարտքի մի մասը մարելու մասին։ Նրա խոսքով՝ ԵՄ-ն ստացել էր ռուսական գազի դիմաց «Նավթոգազի» կողմից 786 մլն դոլարի փոխանցման փաստաթղթերը։
Այսօր կայանալու է եռակողմ բանակցությունների չորրորդ փուլը։










