Պուտինն այնքան ուղղափառ է, որքան ես՝ սպիտակ արջ. Սաակաշվիլի

11:16 • 02.06.14

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն Ուկրաինայի թշնամին է: Այդ մասին քաղաքական գործիչն ասել է «Ինտեր» հեռուստաալիքի եթերում, գրում է korrespondent.net-ը:

 

Մասնավորապես՝ Սաակաշվիլին նշել է, որ Ուկրաինայի այն քաղաքացիները, որոնք սատարում են անջատողականությանն ու Ուկրաինա ուղարկված չեչեն գրոհայիններին, իրենց հայրենիքի դավաճաններ են: «Կան մարդիկ, որոնք ծափահարում են Կադիրովի (Չեչնիայի նախագահ- Tert.am) ուղարկած չեչեն մարդասպաններին: Այդ մարդիկ Ուկրաինայի դավաճաններ են: Թող նրանք հեռանան իրենց մոտ՝ Ռուսաստան»,- ընդգծել է Վրաստանի նախկին նախագահը:

 

Նրա խոսքով՝ Ուկրաինան չպետք է իր հողը տա օտարերկրացիներին: «Պետք է հստակ հասկանալ, որ դուք այլընտրանք չունեք»,- համոզված է Սաակաշվիլին:

 

Բացի այդ, նա քննադատել է Պուտինի հայտարարությունն այն մասին, թե «մենք բոլորս սլավոնացիներ ենք, բոլորս՝ ուղղափառ»: «Վրաստանն ուղղափառ է չորրորդ դարից: Երբ ռուսական բանակը մտավ մեզ մոտ, այն թալանում էր և ավերում վրացական եկեղեցիները: Պուտինն այնքան ուղղափառ է, որքան ես՝ սպիտակ արջ»,- հայտարարել է Վրաստանի նախկին նախագահը: Նրա համոզմամբ՝ Պուտինը թշնամի է:

 

Խոսելով Ուկրաինայում բարեփոխումների մասին՝ Սաակաշվիլին խորհուրդ է տվել բոլոր պետական կառույցներում պաշտոնները վստահել երիտասարդ սերնդին՝ նոր Յանուկովիչ չդաստիարակելու համար: