Սաակաշվիլին ընդհատել է հանդիպումները Կիևում և մեկնել ԱՄՆ՝ վրացի կուրսանտի ավարտական երեկոյին մասնակցելու
Կիևում գտնվող Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին ընդհատել է հանդիպումն ու շտապ մեկնել է Կոլորադո, քանի որ նամակ է ստացել Կոլորադոյում ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի ակադեմիայի կուրսանտի մորից, որը նրան խնդրել է մեկնել ԱՄՆ, տեղեկացնում է Грузия online-ը։
Միխեիլ Սաակաշվիլիի հանդիպման մասին սյուժեն ցուցադրվել է «Рустави 2» հեռուստաընկերության եթերում։
Երիտասարդ վրացի Մալխազ Գելդիաշվիլիի մայրը նամակ է գրել Սաակաշվիլիի ֆեյսբուքյան պաշտոնական էջին։
Կոլորադոյում Մալխազի ավարտական երեկույթն է եղել, սակայն մայրը գնել է տոմսերն ու չի կարողացել մեկնել։
«Ես հանկարծ որոշեցի, որ միակ մարդը, ով կարող է երկու-երեք օրով մեկնել այնտեղ, Միխեիլ Սաակաշվիլին է, և նրան նամակ գրեցի»,-պատմել է կուրսանտի մայրը։
Միխեիլ Սաակաշվիլին նույն էջից պատասխանել է կնոջը. «Այժմ ես Կիևում եմ, սակայն հետաձգել եմ հանդիպումներս ու թռչում եմ Կոլորադո՝ ձեր որդուն հանդիպելու»։
Կոլորադո է մեկնել նաև ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենը, անձամբ հանդիպել ու զրուցել է Միխեիլ Սաակաշվիլիի հետ և շնորհավորել վրացի կուրսանտին։










