ԵՄ-ն կարգելափակի «Հարավային հոսքը»՝ մինչև Ուկրաինայի նկատմամբ Ռուսաստանի դիրքորոշման փոփոխությունը
«Հարավային հոսք» գազի խողովակաշարի նախագիծն առաջընթաց չի ունենա՝ մինչև Ռուսաստանը չփոխի Ուկրաինայում քաղաքական ճգնաժամի նկատմամբ իր վերաբերմունքը։ Այս մասին գերմանական Frankfurter Allgemeine Sonntagszeitung շաբաթաթերթին ասել է էներգետիկայի հարցերով եվրահանձնակատար Գյունտեր Էտինգերը, գրում է «Ведомости»-ն:
«Մենք կվերականգնենք բանակցությունները, երբ ռուսական կողմը կրկին սկսի պահպանել միջազգային իրավունքի նորմերը և պատրաստ կլինի կառուցողական համագործակցության՝ մեր էներգետիկ օրենսդրության հիման վրա»,- նշել է Էտինգերը:
Նրա խոսքով՝ «Ուկրաինայի արևելքում գրեթե քաղաքացիական պատերազմի իրավիճակում և այն դեպքում, որ Մոսկվան չի ճանաչում Կիևի կառավարությունը, մենք վստահաբար ոչ մի բանի չենք հասնի մեր բանակցություններում»:
Էտինգերն ավելի վաղ զգուշացրել էր Մոսկվային Եվրոպայի հարավ-արևելքում «Հարավային հոսք» կառուցելու «Գազպրոմի» պլանների վերաբերյալ Եվրամիության դիրքորոշման խստացման մասին:
Ավելի վաղ «Գազպրոմ» ընկերության ղեկավար Ալեքսեյ Միլերը հայտարարել էր, որ Եվրոպական հանձնաժողովը չի կարող կանգնեցնել «Հարավային հոսք» նախագծի իրականացումը, և 2015-ի դեկտեմբերին ծովային հատվածով առաջին գազը կհասցվի Բուլղարիա:










