Սուդանը հերքել է քրիստոնեություն ընդունելու համար մահապատժի դատապարտված կնոջն ազատ արձակելու լուրը
Սուդանի արտգործնախարարությունը հերքել է վերջերս համացանցում տարածված այն լուրը, ըստ որի իսլամը մերժած ու փոխարենը քրիստոնեություն ընդունած Մերիամ Իբրահիմի մահվան դատավճիռը չեղարկվել է։
Ինչպես տեղեկացնում է France 24-ը, ավելի վաղ արտգործնախարարության խոսնակը մի շարք լրատվամիջոցների ասել էր, թե մի քանի օրից 27-ամյա կրոնափոխ եղած կինն ազատ է արձակվելու։ Սակայն այժմ Սուդանի ԱԳՆ-ն նշում է, որ խոսնակի ասածը չի համապատասխանում իրականությանը և որ նրա խոսքերն ուղղակի կտրված են կոնտեքստից։
Հիշեցնենք, որ Իբրահիմը մահապատժի է դատապարտվել մայիսի 11-ին։ Սակայն հաշվի առնելով այն, որ կինը հղի էր՝ Խարթումի իսլամական դատարանը որոշել է կնոջը կախաղան չբարձրացնել նախքան ծննդաբերությունը։ Օրեր առաջ Իբրահիմը լույս աշխարհ է բերել երեխային, և փաստացի այժմ ոչինչ չի խանգարում, որպեսզի մատապատիժն իրականացվի։
Իբրահիմի փաստաբանն ու ամուսինը, ով ևս քրիստոնյա է, նշել են, որ չեն հավատում կնոջն ազատ արձակելուն։
Իբրահիմի դեպքը լայն արձագանք է գտել աշխարհում. մասնավորապես՝ ԱՄՆ-ի իշխանություններն ու Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը կնոջ ձերբակալումն ու մահապատժի դատապարտումը «բարբարոսական» են բնութագրել։
1983թ. ի վեր Սուդանում գործում են շարիաթի օրենքները, ըստ որոնց կրոնափոխ լինելու համար մարդկանց պատժում են մահով։ Բացի այդ, մուսուլման կնոջն արգելվում է ամուսնանալ քրիստոնյա տղամարդու հետ. այնտեղ դա դիտվում է որպես դավաճանություն, ինչը պատժվում է մտրակի հարվածներով։










