Սիրիայում այսօր «լռության օր է». երկրում ընտրությունների նախաշեմին ուժեղացվել է անվտանգությունը
Սիրիայում նախագահական ընտրությունների նախաշեմին այսօր «լռության օր» է հայտարարված։ Դամասկոսում և Սիրիայի այլ քաղաքներում ուժի մեջ է մտնում անվտանգության պլանը։ Դրանց իրականացման ընթացքում իրավապահ մարմինները պաշտպանության տակ են վերցնելու բոլոր ընտրական կենտրոնները, տեղեկացնում է ИТАР-ТАСС գործակալությունը։
«Ոչինչ չի խանգարում քաղաքացիներին օգտագործել իրենց սահմանադրական իրավունքը»,- հաղորդել է Սիրիայի ներքին գործերի նախարարը։
Հաշվի առնելով Սիրիայի քաղաքացիների ակնկալվող ակտիվ մասնակցությունը՝ հունիսի 3-ին նշանակված ընտրությունը, հավանաբար, կերկարացվի 5 ժամով։
Վաղը Սիրիայում 9.601 ընտրատեղամաս է բացվելու երկրի բոլոր նահանգային կենտրոններում, բացի Ռաքքա քաղաքից, որն ահաբեկիչների վերահսկողության տակ է։
Ընտրատեղամասերը բաց են լինելու առավոտյան 07։00-ից մինչև 19։00-ն։
Քվեարկության ընթացքին հետևելու են ներկայացուցիչներ՝ Սիրիայի բարեկամ 30 երկրներից, այդ թվում՝ Ռուսասատանից։
Գործող նախագահ Բաշար ալ Ասադից բացի նախագահի պաշտոնին հավակնում են երկու այլ թեկնածուներ. Հալեպից ընտրված կոմունիստ պատգամավոր Մահեր Աբդել Հաֆես Հաջարը և նախկին նախարար, գործարար Հասան Աբդել Իլլահի ան Նուրին։
Չնայած Սիրիական կառավարության խոստումներին՝ քաղաքացիների անվտանգությունն ապահովելու վերաբերյալ, իրավիճակը շարունակում է գերլարված մնալ։ Հալեպում հրթիռների տարափ է, և մարդիկ չեն կարողանում դուրս գալ շենքերից և շատ դեպքերում ապաստանել են նկուղներում։










