Խնամատար ընտանիքներին՝ շնորհակալագրեր, իսկ երեխաներին խորհրդանշական նվերներ հանձնվեցին

13:59 • 02.06.14

ՄԱԿ-ի կողմից 2014 թվականը ընտանիքի տարի հռչակելու խորագրի ներքո ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանի և ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակի ներկայացուցչի պաշտոնակատար Դիանա Դուրիչի մասնակցությամբ այսօր հանդիպում էր կազմակերպվել հայաստանյան մարզերից մի քանի խնամատար ընտանիքների հետ:


«Բոլոր այն ընտանիքները, ովքեր զբաղվում են խնամատարությամբ, մեծ աշխատանք են արել, նրանք արժանի են հարգանքի: Նույնիսկ մենք մեր ընտանիքներում, մեր երեխաների փորձով հասկանում ենք, թե որքան դժվար է մեծացնել երեխաներին, նրանց կրթել, դաստիարակել: Այդ առումով խնամատար ընտանիքների առավելությունն է՛լ ավելի է կարևորվում»,- հանդիպման ընթացքում ասաց Արտեմ Ասատրյանը՝ շարունակելով, թե այսուհետ պետության ուշադրությունն ավելի կմեծանա և համատեղ ուժերով առկա խնդիրները լուծում կստանան:


«Բոլոր երեխաներն իրավունք ունեն ընտանեկան միջավայրում մեծանալու, այդ պայմանները չլինելու դեպքում է միայն անհրաժեշտ այլընտրանքային միջոցներ ունենալ»,-իր խոսքում ասաց Դիանա Դուրիչը՝ շարունակելով, թե ընտանիքում մեծանալու առավելություններն անհամեմատ են, այդ իսկ պատճառով ՅՈՒՆԻՍԵՖ-ը շնորհակալություն է հայտնում խնամատար բոլոր ընտանիքներին՝ երեխաներին նման հնարավորություն տալու համար:


«ՅՈՒՆԻՍԵՖ-ն առաջիկայում ևս 5 տարով երկարացնում է իր ծրագիրը, և ընդլայնելու են այն»,- տեղեկացրեց Դիանա Դուրիչը:


Նշենք, որ 2005թ. ՅՈՒՆԻՍԵՖ-ն աջակցել է Հայաստանի կառավարությանը՝ իրականացնելու խնամատար ընտանիքների ծառայության ստեղծման փորձնական ծրագիրը, որն իրականացվել է «Հայ օգնության ֆոնդի» երեխաների աջակցության կենտրոնի հետ համագործակցությամբ: Մանկատան 25 սան կարողացել է ընտանեկան խնամք ստանալ խնամատար ընտանիքների միջոցով:


Խնամատար մայրերից մեկը, ով ներկա էր միջոցառմանն, ասաց, թե երբ տեղեկացել է, որ մի ծրագիր կա, որով նախատեսվում է բեռնաթափել մանկատները, ընտանիքով որոշել են մի տղա երեխա վերցնել:


«Երեխան յոթ տարեկան էր, արդեն կայացած, խմբակային ապրելակերպին սովոր: Իհարկե՛, դժվար էր, բայց կարողացանք հաղթահարել դժվարությունները: Սա շատ լավ ծրագիր է և լավ կլինի, որ այն շարունակական բնույթ կրի»,- ասաց խնամատար մայրը:


Հանդիպման վերջում միջոցառմանը մասնակից Երևանի, Լոռու, Գեղարքունիքի և Կոտայքի մարզերից 14 ծնող և 16 երեխա խորհրդանշական նվերներ և շնորհակալագրեր ստացան: