Համայնքների խոշորացման նպատակն է ստեղծել կառավարման ավելի արդյունավետ համակարգ. Վաչե Տերտերյան

09:45 • 02.06.14

ՀՀ տարածքային կառավարման փոխնախարար Վաչե Տերտերյանը, Tert.am-ի հետ զրույցում խոսելով Կառավարության՝ համայնքների խորոշացման ծրագրից, ասաց, թե հիմնական նպատակն է ստեղծել ավելի գործունյա և արդյունավետ կառավարման համակարգ։


«Համայնքների խոշորացման ծրագիրը հետապնդում է ընդամենը մեկ նպատակ՝ կարողանանք տեղական ինքնակառավարումը դարձնել ավելի արդյունավետ, ավելի ունակ, ՏԻՄ ռեսուրսները կենտրոնացնենք և ավելի լավ կառավարում իրականացնենք»,-նշեց նա։


Պաշտոնյան նշեց, թե պետք է համաձայնել իրենց հետ, որ 30, 50, 100 հոգանոց բնակավայրում իշխանություն ձևավորել, ավագանի ընտրել, ծրագիր կազմելն իրատեսական չէ։


«Դա վիրտուալ է և չի ստացվում, դրա համար ասում ենք ավելի կենսունակ համայնքներ ձևավորել, այլ խնդիր չկա»,- նշեց նա և ծրագրին առավել մանրամասն ծանոթանալու համար խորհուրդ տվեց www.mta.gov.am կայքում զետեղված համայնքների խոշորացման հայեցակարգն ընթերցել։


«Սկզբունքները, չափորոշիչները, վտանգները, ռիսկերը, համայնքի անվանման ընտրությունը, համայնքային կենտրոնի ընտրությունը այնտեղ 172 էջի վրա նկարագրված է»,- տեղեկացրեց նա։


Այդուհանդերձ, փոխնախարարն անհարժեշտ համարեց մի քանի հարցերի անդրադառնալ, մասնավորապես, թե գյուղացին հեշտությա՞մբ կհամաձայնի իր համայնքի անունը զիջել կողքի համայնքին։


«Գյուղի անունը չի փոխարինվում, միանալով երկու գյուղի անունն էլ կմնա։ ՀՀ-ում կա 915 համայնքներ, մենք ասում ենք օրինակ՝ Գեղարքունիքի մարզի Սևան քաղաք չէ՞, հիմա ի՞նչն է խնդիրը, Սևանում ի՞նչն է փոխվում, հիմա էլ կասենք x մեծ համայնքում այսինչ բնակավայր, ոչ մի բան չի փոխվի դրանից»։


Հարցին, թե նախագծով կարելի՞ է սպասել պետական ապարատի կրճատումներ, այսինքն` գյուղապետերի ու գյուղապետարանների աշխատակիցների կրճատումներ՝ Վաչե Տերտերյանը պատասխանեց. «Գյուղապետների մասին դու շատ դարդ մի արա, իրենք չեն կրճատվի, իրենք, այնուամենայնիվ, աշխատանքի հնարավորություն կունենան, եթե իսկապես լիդեր են։ Եթե լավ լիդերներ են՝ կդառնան տվյալ համայնքի վարչական պատասխանատու»։


ՀՀ տարածքային կառավարման փոխնախարարը դեռևս չի կարող ասել, թե ինչպիսի՞ն կլինի համայնքների արձագանքը, բայց ևս մեկ անգամ փաստում է, որ զիջելու ոչ մի խնդիր չկա։


«Ոչ մեկ ոչ մեկի զիջելու խնդիր չունի, հակառակը՝ տալիս ենք։ Պետք է ասել՝ պատրաստ կլինե՞ն դրա լավ կողմերն ընդունելու, ընկալելու, ներդրումային ծրագրերն ընդունելու, իհարկե, եթե դու էլ ինձ հետ գաս և անկեղծ բացատրես իրենց՝ կընդունեն»,– ասաց նա։


Իսկ թե կլինի արդյո՞ք ծրագրի հետևանքով դպրոցների կրճատման խնդիր, և որ մեկ խոշորացված համայնքում կլինի՞ նաև մեկ դպրոց՝ Վաչե Տերտերյանը պատասխանեց, թե այս պահի դրությամբ ոչ մի դպրոցի հարց խոշորացման հետ կապ չունի։


«Դպրոցները ոնց կան, կլինեն, ինչ վերաբերում է, թե այդքան դպրոց պե՞տք է, թե ոչ, դա արդեն այլ խնդիր է։ Պետք է դուք էլ լինեք այսպես ասած անաչառ, օրինակ՝ մենք շատ դպրոցներ ունենք,որ 10-15 երեխա է սովորում, մի դասարանում էլ 7 հոգի նստում են ու 8 դասարան են ներկայացնում, հիմա այդպիսի կրթություն քեզ՝ որպես լրագրողի, բավարարո՞ւմ է, թե չէ»,- հարց ուղղեց փոխնախարարը։


Դիտարկմանը, թե գուցե ինքը ճիշտ է, բայց դրա մեղավորությունն արդյո՞ք չունի նույն կառավարությունը, որի քաղաքականության հետևանքով է արտագաղթ սկսել, գյուղերն ու դպրոցները դատարկվել են, փոխնախարարն արձագանքեց. «Ուրեմն արտագաղթը շատ վատ երևույթ է և արտագաղթի հարցում, իհարկե, կառավարությունն իր մեղքի բաժինն ունի, ինչպես և դու, ես՝ որպես հասարակություն, բայց փոքր դպրոցները եղել են նաև այն «երջանիկ» ժամանակներում, երբ մենք կոչվել ենք Խորհրդային Հայաստան, Խորհրդային միություն։ Խորհրդային շրջանում էլ եղել է հեռավոր շրջաններ՝ իր բոլոր խնդիրներով, Ամասիան ու Աշոցքը եղել են շատ պրոբլեմատիիկ շրջաններ և հիմա ասել, որ կառավարությունն է մեղավոր, որ փոքր դպրոցներ կան և արտագաղթ կա՝ սխալ է։ Մենք փոքր գյուղեր միշտ էլ ունեցել ենք, լեռնային երկիր ենք»։


Հարցին, թե կարելի՞ է ամեն դեպքում ասել, որ համայնքների խոշորացման ծրագրի անհրաժեշտությունն առաջին հերթին հենց արտագաղթի պատճառով առաջացավ, Վաչե Տերտերյանը նշեց. «Ո՛չ ,այդպես չէ, եթե հարցադրումն այդպես ես անում, ասեմ, որ բնակիչներն այդքան չեն պակասել, որ էական գործոն դառնային խոշորացման համար, 500 հոգանոց գյուղն էլ է փոքր գյուղ, 800 հոգանոցն էլ, 1000 հոգանոցն էլ, ինչպես նաև 30, 50-ը կամ 90-ը։ Խոսքը միայն թվաքանակի մասին չէ, այլ նաև ռեսուրսի, իր ենթակառուցվածքային ներդաշնակությամբ և այն, դրա համար, այնուամենայնիվ, քեզ խնդրում եմ և խորհուրդ եմ տալիս, զգուշ լինել 178 էջանոց փաստաթուղթը պետք է կարդալ, այնտեղ շատ հիմնավորումներ և բացատրություններ կան։ Դուք հիմա 5 ռիսկ կասեք, այնտեղ առնվազն 15 ռիսկեր կան նկարագրված, բավական լուրջ աշխատանք է տարված»։


ՀՀ տարածքային կառավարման փոխնախարարը վերջում ընդգծեց, թե համայնքների խոշորացման ծրագրի օգուտը ռիսկերից շատ ավելի է։ «Եվ հետո մենք ոչինչ չենք անի վարչական մեթոդով, պետք է փորձենք գյուղացիների, համայնքի ղեկավարների, Ձեր բոլորի հետ փորձենք համբերատար, բացատրական աշխատանքներ տանել, որպեսզի բոլորի ընկալումը ռեֆորմի նկատմամբ լինի դրական, որովհետև այս պարագայում շատ ավելի հեշտ ու էֆեկտիվ կլինի»,-եզրափակեց նա։