Մոսկվայում կայացել է ամենամյա բարեգործական Վիեննական պարահանդեսը (լուսանկարներ)
Մոսկվայում Վիեննական պարահանդեսն ամենախոշոր և հայտնի պարահանդեսն է Ռուսաստանում և ամենամեծերից մեկն ամբողջ աշխարհում։ Այս տարի պարահանդեսը կայացել է մայիսի 31-ին, մասնակցել է ավելի քան 2.000 մարդ, հայտնում է ԻՏԱՌ ՏԱՍՍ-ը։
Կազմակերպիչները նշում են, որ «միջոցառման նպատակը երբեմնի շքեղ պարահանդեսների կորցրած ավանդույթները վերականգնելն է, որոնք կազմակերպվում էին ցարական Ռուսաստանում և կարևորագույն մշակութային իրադարձություն էին համարվում»։
Վիեննական պարահանդեսը բարեգործական միջոցառում է, ինչն այն դարձնում է ոչ միայն կարևոր մշակութային, այլև սոցիալական նշանակալի իրադարձություն։
Կազմակերպիչների խոսքով՝ այս տարի հավաքված միջոցները կտրամադրվեն «Կյանքի գիծ» կազմակերպությանը, որը զբաղվում է ծանր հիվանդությամբ տառապող երեխաների օգնությամբ։ Միջոցներ կտրամադրվեն նաև «Արտիստ» արվեստի գործիչներին աջակցող հիմնադրամին, որը նյութական և բարոյական աջակցություն է հատկացնում թատրոնի և կինոյի ավագ սերնդի դերասաններին։


































