Լուրջ քայլեր են կատարվում, որպեսզի Ադրբեջանը ևս անդամակցի ԵՏՄ-ին. կարծիքներ Աստանայի գործընթացների մասին
Այն գործընթացները, որոնք ընթանում են մինչ մայիսի 29-ը և դրանից հետո, չափազանց վտանգավոր են մեր պետականության համար. այսպիսի տեսակետ հայտնեց «Համաձայնություն» կենտրոնի ղեկավար Դավիթ Շահնազարյանը՝ «Հայաստանի գոյության մարտահրավերները՝ Եվրասիական միության նոր զարգացումների ներքո» թեմայով քննարկման ժամանակ:
Քննարկումը վարող իրավապաշտպան Ավետիք Իշխանյանն էլ ասաց, թե իշխանության ներկայացուցիչները չեն մասնակցում քննարկմանը, քանի որ ինքնուրույն իրենց կարծիքն արտահայտել չեն կարող, որովհետև չգիտեն, թե ինչ է մտածում առաջին դեմքը:
«Քննարկման ու բանավեճի բացակայությունը կարևորագույն խնդիրներից է, որ այսօր առկա է»,-հայտարարեց Դավիթ Շահնազարյանը։ Ըստ նրա՝ աշխարհում և նախկին ԽՍՀՄ տարածքում տեղի ունեցող գործընթացները զարգացել են երկու փուլով: Ավարտվել է հետսառըպատերազմյան շրջանը:
«Երկրորդ՝ նախկին ԽՍՀՄ տարածքում ավարտվել է հետխորհրդային ժամանակաշրջանը և մենք մտել ենք պատմական մի այլ փուլ: Անկախությունից հետո անցած այս տարիները մի ժամանակաշրջան էին, որ հատկացվել է մեզ՝ ամրապնդելու ազգային պետականությունը և պահպանելու այն: Մենք փաստացի ունենք մի իրավիճակ, որ երեք պետություններ պայքարում են իրենց պետականության համար՝ Վրաստան, Ուկրաինա, Մոլդովա: Դրանք այն պետություններն են, որտեղ անկախության տարիների ընթացքում իշխանությունները փոխվել են ընտրությունների արդյունքում: Մյուս պետություններում այդպիսի բան տեղի չի ունեցել»:
Շահնազարյանի խոսքով՝ նման սպառնալիք անկախության 23 տարիների ընթացքում չի եղել, քանի որ Հայաստանը սեպտեմբերի 3-ից հետո փորձում է մաս կազմել մի նոր միության, որը նորացող ռուսական կայսրությունն է: Նա ասաց, որ եթե Հայաստանը միանա այդ միավորմանը, ուրեմն Հայաստանում ընտրությունները կշարունակեն մնալ որպես արարողակարգային գործողություններ, կոռումպացված համակարգը հավերժացվելու է, և շատ ու շատ այլ վտանգներ են լինելու:
«Չկենտրոնանաք, թե Աստանայում ինչ է ասել Նազարբաևը, քանի որ դա Նազարբաևը չի ասել, նա ուղղակի հրապարակայնորեն տեղյակ է պահել այս նոր միությունում խաղի կանոնների մասին,-ասաց Դավիթ Շահնազարյանը,-Նազարբաևը հստակ հայտարարեց, որ նոր միության տնտեսական սահմանների վերահսկողությունն իրականացվելու է վերպետական մարմինների կողմից, այսինքն՝ Հայաստանի տնտեսական սահմանների հսկողությունը հանձնվում է մեկ այլ վերպետական մարմնի»:
Իր խոսքում Դավիթ Շահնազարյանն ասաց նաև, թե Հայաստանի իշխանություններն ասում էին, որ մենք պետք է Մաքսային միությունում հիմնադիր անդամ դառնանք, բայց դա տեղի չի ունենում։ Ավելին՝ Հայաստանի անդամակցության հարցը Հայաստանը չի որոշում:
«Շատ լուրջ քայլեր են կատարվում Ադրբեջանի հանդեպ, որպեսզի այն ևս անդամակցի այդ միությանը: Եվ Ռուսաստանը պատրաստ է ամեն ինչի, որպեսզի Ադրբեջանը միանա: Ըստ էության՝ այդ միությունում մենք սուբյեկտ չենք, ընդամենը գործիք ենք»,-հայտարարեց Դավիթ Շահնազարյանը՝ ընդգծելով, թե այն գործընթացները, որ տեղի են ունենում Մինսկի խմբում՝ ուղղակիորեն շաղկապված են Աստանայի գործընթացների հետ:
«Եթե Հայաստանն անդամակցեց այդ միությանը, ապա բանակցային ամբողջ գործընթացը վարելու է Ռուսաստանը, այնպես, ինչպես դա արվել է 1920-ական թվականներին: Կախված Ադրբեջանի պահվածքից՝ Մոսկվան կորոշի՝ ինչ արագությամբ Հայաստանին դարձնել այդ միության անդամ: Ցավոք, Ռուսաստանը Հայաստանին վերաբերվում է որպես կենսաբանական զանգվածի, իսկ իշխանություններին՝ այդ կենսաբանական զանգվածի կառավարիչների»,-նկատեց բանախոսը՝ շեշտելով, թե այն, ինչ Հայաստանին անհրաժեշտ է տնտեսապես և քաղաքականապես՝ Ռուսաստանը վերցրել է իր ձեռքը:
Վերջինիս համոզմամբ՝ հնարավոր նման գործընթացը պետք է կանխի պետությունը, բայց, ըստ նրա՝ պետությունն իմունիտետ չունի:
«Դա պետք է կանխեին խորհրդարանական խմբակցությունները, բայց նրանք ասում են, թե իրենք համակարգային փոփոխություններ են ուզում: Որևէ խորհրդարանական մակարդակով այս հարցը չի լուծվելու: Մնում է հասարակական ու քաղաքացիական մակարդակով լուծել այս հարցը»,-հայտարարեց Դավիթ Շահնազարյանը։
Ըստ նրա՝ պետք է ապացուցենք, որ այդպես չէ. «Մեզ պետք է դաշնակից լինեն այն ուժերը, որոնք թեև չեն գտնում, որ Հայաստանի զարգացման ապագան Եվրոպան է, բայց և չեն ընդունում տեղի ունեցող այս գործընթացները»:
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցն իր խոսքում ասաց, թե եթե Պուտինը նման հայտարարություն աներ, ինչ Նազարբաևը՝ իրեն խոցելի վիճակի մեջ կդներ՝ հաշվի առնելով ԵԱՀԿ Մինսկի խմբի գործընթացը:
«Նազարբաևի հայտարարությունը հենց Պուտինի վերաբերմունքն էր: Ռուսաստանը վտանգավոր գործունեություն է ծավալում: Նա, հանդիսանալով ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ երկիր, խաթարում է այն սկզբունքները, որոնք որդեգրվել են հենց այդ խմբում»,-հայտարարեց Արթուր Սաքունցը: Նրա խոսքով` փոքր-ինչ հուսադրող է այն, որ նաև Ղազախստանում է քաղաքացիական հասարակությունը հավաքվել և «մայդան» բառն իրենց մտածողության մեջ էլ կա:
«Մեր հիմնական գործառույթն է՝ ահազանգել այն վտանգավոր գործառույթների մասին, որոնք առկա են: Դա պետք է արվի ոչ միայն Երևանում, այլ նաև այլ բնակավայրերում: Մեր հոգեբանությունն է աղճատվել, այնքան է աղճատվել, որ Միկոյանի արձանի տեղադրումն է դառնում հնարավոր: Սա ազատ մտածողության սահմանափակում է»,-ասաց Արթուր Սաքունցը՝ շարունակելով, թե մենք շատ անապահով և ապակայուն վիճակում ենք։
«Քանի դեռ հնարավորություն ունենք, պետք է մեր կարծիքները տեղ հասցնենք»,–հավելեց նա։










