Մինչև կրակոցները չդադարեն, երազանք չեմ կարող ունենալ. մտահոգություններ սահմանապահ Մովսեսից (տեսանյութ)
«Ուզում եմ կյանքում լինել լավ մարդ, օգտակար լինել մարդկանց, նշանակություն ունենալ հասարակության համար: Բայց մինչև կրակոցնեչրը չդադարեն, երազանք չեմ կարող ունենալ: Ես իմ այգին երկու տարի է՝ չեմ ջրում»: Tert.am-ի հետ զրույցում այս կերպ իր մտահոգությունները հայտնեց Տավուշի մարզի սահմանամերձ Մովսես գյուղի միջնակարգ դպրոցի ֆիզկուլտուրայի ուսուցիչ Արմեն Ավալյանը:
Արմենն ավարտել է Երևանի պետական ճարտարագիտական ինստիտուտը: Հրադադարի պայմաններում թշնամու կողմից ամենօրյա հրադադարի խախտումը լավ է պատկերացնում, և ինչպես ինքն է ասում՝ 22 տարի է՝ սահմանապահ է:
«Եթե հակառակորդը պահի զինադադարը, գյուղում ամեն ինչ նորմալ կլինի, քանի որ մեր դիրքապահները երբեք անիմաստ չեն կրակում: Բայց թշնամին ուզում է բոլորին վնաս հասցնել՝ յուրաքանչյուր տան, յուրաքանչյուր մարդու»,-ասաց նա և ավելացրեց. «Կրակոցների ժամանակ հիմնականում թույլ չենք տալիս երեխաներին՝ դուրս գալ: Մարդիկ կան, որ կրակոցներից շատ են վախենում, վնասներ շատ են լինում»:
Ֆիզկուլտուրայի ուսուցչի հաջորդ մտահոգությունը նույնպես պայմանավորված է հակառակորդի վարքագծով. դպրոցին կից մարզադաշտ կա, բայց վտանգավոր է երեխաների համար: Ֆիզկուլտուրայի դասերը սահմանափակվում են դահլիճային պարապմունքներով:
Արմենի մատնանշած մեկ այլ խնդիր էլ գյուղի ջրի խնդիրն է, որը մարդկանց տրվում է երեք օրը մեկ: «Մարդիկ չեն կարողանում կենցաղային պայմաններն ապահովել, չեն կարողանում այգիները մշակել: Յուրաքանչյուր երիտասարդ աշխատում է էս տարածքից դուրս իր կյանքը դասավորել: Չես կարողանում ստեղծել այնպիսի պայման, որ կարողանաս ընտանիք կազմել»,-ասաց նա և կրկին դարձավ կրակոցներին. «Ոչ մի ծնող չի ցանկանում` իր երեխան մեծանա այնտեղ, որտեղ կրակոցներ են»:
Իր աշակերտների երազանքների մասին խոսելիս ուսուցիչը նշեց. «Երեխաներից շատերը ձգտում են դառնալ զինվորական, իմ առարկայի շրջանակներում կան զինվորական պատրաստության դասեր, երեխաները սիրով են զբաղվում դրանով: Բայց երբ արդեն մեծանում են և զգում պահի լրջությունը, սթափվում եմ: Բոլորս էլ ձգտում ենք մեր հայրենիքը պահել, բայց թե ինչքան՝ ես էլ չգիտեմ»:
Այդուհանդերձ սահմանապահ գյուղի բնակիչը վստահեցրեց՝ գյուղում յուրաքանչյուրն էլ հնարավորություն ունի իր տունը փակել ու գնալ գյուղից, բայց չի գնում. «Եթե իմանամ, որ այստեղ կարող եմ իմ ընտանիքի համար գոնե մինիմալ պայմաններ ապահովել, կմնամ գյուղում՝ իմանալով, որ ես իմ հողում եմ, իմ հայրենիքում, եթե մինիմալ պայմանները գոնե լինեն, ես հաստատ կմնամ»:










