Ուորլիքը ողջունել է ԵԱՀԿ գործող նախագահի՝ ԼՂ խնդրի կարգավորման վերաբերյալ կոչը
ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը ողջունել է ԵԱՀԿ-ի գործող նախագահ, Շվեյցարիայի նախագահ Դիդյե Բուրկհալտերի կոչը՝ վարել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված համակարգված բանակցություններ: Այդ մասին համանախագահը գրել է Twitter-ի իր միկրոբլոգում:
Հիշեցնենք, որ Դիդյե Բուրկհալտերը Հարավային Կովկաս իր այցը սկսել էր Բաքվից, որտեղ նա Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ քննարկել է ԵԱՀԿ-ի և Ադրբեջանի միջև համագործակցության նոր ասպեկտներ, և կոչ է արել իրականացնել Լեռնային Ղարաբաղի խնդրի վերաբերյալ լարվածությունը նվազեցնող միջոցառումներ:
Բուրկհալտերը նախագահ Ալիևին կոչ է արել քայլ առ քայլ շարժվել դեպի խնդրի խաղաղ կարգավորում: Նա ասել է, որ կողջուներ ակտիվացված բանակցությունները և հաջորդ նախագահական հանդիպումը՝ որպես խաղաղ լուծման տանող համակարգված գործընթացի մեկնակետ։
Այցի շրջանակներում Բուրկհալտերը հանդիպումներ է ունեցել նաև Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովի հետ:
Բուրկհալտերն Ադրբեջանից մեկնում է Վրաստան, որտեղ մի շարք հանդիպումներ կունենա: Իսկ տարածաշրջան իր այցը կեզրափակի հունիսի 4-ին Երևանում։










