Բրազիլիայի ֆուտբոլի աշխարհի առաջնությանը ներկա լինելու համար Հայաստանից 10 մարդ է դիմել մուտքի արտոնագիր ստանալու

13:54 • 03.06.14

Բրազիլիայում կայանալիք ֆուտբոլի աշխարհի առաջնությանը մասնակցելու համար մուտքի արտոնագիր ստանալու համար Հայաստանից 10 մարդ է դիմել: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Հայաստանի Հանրապետությունում Բրազիլիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան, Ն.Գ. Էդսոն Մարինյո Դուարտե Մոնտեյրոն՝ Բրազիլիայում կայանալիք Ֆուտբոլի աշխարհի 20-րդ առաջնությանն ընդառաջ:


«Տխուր է վիճակագրությունը , մենք 10 վիզա ենք տվել հայերին, այսինքն՝ այդքան մարդ է դիմել»,- ասաց բրազիլացի դիվանագետը՝ մանրամասնելով, որ դիմածներից 2-ը Բրազիլիա տոմսերը շահել են առևտրային բանկերից մեկի խաղարկությամբ, իսկ մեկն էլ կամավոր է, որն իր ծախսերով մեկնում է Բրազիլիա՝ ծրագրեր իրականացնելու համար:


Արդյո՞ք անվտանգ է Բրազիլիայում արձակուրդներ անցկացնելը, քանի որ այդ երկիրը գլխավորում է աշխարհի ամենավտանգավոր երկրների ցանկը՝ մեկ շնչին ընկնող հանցագործությունների կտրվածքով: Ի պատասխան՝ դեսպան Մոնտեյրոն նշեց, որ ամեն անգամ հայ զբոսաշրջիկներն իրեն այդ հարցը տալիս են, ինչին ինքն ամեն անգամ պատասխանում է, որ տեղեր ու վայրեր կան իր երկրում, ինչպես աշխարհի ցանկացած երկրում, որտեղ գիշերը լինելը որոշակի վտանգներ է պարունակում՝ ինչպես գողությունների, այնպես էլ ավելի բարդ իրավիճակների առումով:


«Մենք միշտ ասում ենք, որ դուք պետք է ուշադիր լինեք, քանի որ զբոսաշրջիկները միշտ ուշադրություն են գրավում տեղի բնակչության կողմից՝ ունենալով որոշակի իրեր, կամերաներ և այլն»,- ասաց նա։


Այնպես որ, դեսպանը խորհուրդ տվեց գիշերն անծանոթ վայրերում չլինել: Նա հավելեց, որ այս տարի իր երկիրը կհյուրընկալի 600 հազար զբոսաշրջիկի, որոնց հիմնական մասը Միացյալ Նահանգներից է:


Բրազիլիայում ֆուտբոլը, ըստ դեսպանի, միշտ երազանք է ու մեծ կիրք, որը նաև բիզնես է:


Հիշեցնենք, որ Բրազիլայում մի ստվար զանգված խաղերի կազմակերպիչների դեմ ցույց է անում, դժգոհում, թե ինչու մարզադաշտերի, հյուրանոցների, ենթակառուցվածքերի վերանորոգման, բարեկարգման ու կառուցման համար ծախսված գումարները չեն ուղղվում կրթական ծրագրերին ու տրանսպորտի ոլորտի բարելավամանը:


Դեսպանը նշեց, որ համացանցի տարածվածության այս դարում աշխարհի ոչ մի անկյունում կատարվածը ոչ մեկի համար գաղտնիք չէ, բայց նկատեց, որ ակնկալում են շուրջ 30 միլիարդ դոլարի եկամուտ, ինչի արդյունքում բացվելու են նոր աշխատատեղեր:


Դեսպան Մոնտեյրոն անդրադարձավ նաև հայ-բրազիլական տնտեսական և մշակութային հնարավոր համագործակցությանը՝ ափսոսանք հայտնելով, որ երկու երկրների առևտրաշրջանառությունը կազմում է շուրջ 40 միլիոն ԱՄՆ դոլար: «Միշտ, երբ հավաքում ենք, բոլորս նշում ենք, որ այդ ցուցանիշը կարելի է ավելացնել մոտ 10 անգամ»,- նշեց դեսպանը:


Նրա խոսքով, սա հնարավոր կլինի փոխադարձաբար միմյանց շուկաները ճանաչելու, առաջարկ-պահանջարկը վերլուծելու միջոցով:


Նշենք, որ շատ ավելի մեծ ծավալ են կազմում Բրազիլիայից Հայաստան ներմուծվող ապրանքները, իսկ Բրազիլիան գնում է գինի, գարեջուր, օղի, կոնյակ: