Դոնեցկի շրջանում ոչնչացվել է 300-ից ավելի անջատողական. հակաահաբեկչական գործողության տեղեկատվության խմբի ղեկավար

17:15 • 03.06.14

Ուկրաինայի Դոնեցկի շրջանում շարունակվող հակաահաբեկչական գործողության ակտիվ փուլի ընթացքում ոչնչացվել է 300-ից ավելի անջատողական։ Այդ մասին հայտարարել է հակաահաբեկչական գործողության տեղեկատվության խմբի ղեկավար Վլադիսլավ Սելեզնյովը, գրում է korrespondent.net-ը:

 

Սելեզնյովը հաստատել է նաև հակաահաբեկչական գործողության մասնակիցներից մեկի մահը Իզյումից դեպի Սլավյանսկ ուղևորվող զրահամեքենաների շարասյան վրա զինված անձանց բացած կրակի հետևանքով։ Նրա խոսքով՝ տեղեկություն կա նաև 13 վիրավորների մասին, որոնցից երկուսը ծանր, բայց կայուն վիճակում են։


Սելեզնյովը հերքել է Սլավյանսկում այսօր առավոտյան ոչնչացված ավիացիայի մասին տեղեկությունը:


Հիշեցնենք, որ այսօր Ուկրաինայի գլխավոր դատախազի պաշտոնակատար Օլեգ Մախնիցկին հայտարարել էր, որ Ուկրաինայի արևելքում ռազմական գործողությունների ընթացքում զոհվել է 181 մարդ, այդ թվում՝ 59 զինծառայող, ևս 293-ը վիրավորվել է։