ԵՄ-ի 949 670 եվրո բյուջեով նոր ծրագիրը կնպաստի ՀՀ-ի և ԵՄ-ի մերձեցմանը

12:28 • 03.06.14

Եվրոպան շարունակում է Հայաստանի հետ մերձեցման ուղիներ փնտրել, այս անգամ արդեն «Աջակցություն Հայաստանում ժողովրդավար կառավարմանը» ծրագրի շրջանակներում։ Ծրագրի մեկնարկին այս մասին հայտարարեց Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Արևիկ Սարիբեկյանը՝ նշելով, թե ծրագիրը նպատակ ունի խթանել Հայաստանի և Եվրոպական միության մերձեցման գործընթացին և նպաստել ժողովրդավարության և արդյունավետ կառավարման ամրապնդմանը։

Ծրագրի պաշտոնական մեկնարկն այսօր տվեցին ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը, Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիսթեան, ինչպես նաև Արևիկ Սարիբեկյանը։

Արևիկ Սարիբեկյանը նշեց, որ 949 670 եվրո բյուջեով ծրագրի տևողությունը կլինի 18 ամիս։

Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիսթեան բացման ելույթում հայտարարեց, որ ԵՄ-ն հիմնական դոնորներից է, որն աշխատում է Հայաստանում քաղաքացիական հասարակության զարգացման ուղղությամբ՝ նպատակ ունենալով հզորացնել ժողովրդավարական կառավարումը, ավելացնել օբյեկտիվ տեղեկատվությունը, խթանել քաղաքական բազմակարծությունը։

«Քաղաքացիական հասարակությունը միշտ էլ շարժիչ ուժն է եղել, որի հիմնական նպատակն է օժանդակել ազգային քաղաքական որոշումների կայացման վրա»,-նշեց նա։

Դեսպանը նկատեց, թե չնայած Արևելյան գործընկերության բոլոր երկրները ձգտում են այդ գաղափարներին, սակայն քաղաքացիական հասարակության հնարավորությունները մնում են սահմանափակված։ «ՀՀ-ում կարելի է դիտարկել այդ միտումները. չնայած քաղաքացիական հասարակության մասնակցությունը քաղաքականության և պետական կառավարման գործընթացում ավելանում են, սակայն իրավական գործընթացի շրջանակում մնում են սահմանափակ»,-ասաց նա։

Ծրագրի կողմից մեկ այլ ոլորտ է ընտրված լրատվամիջոցների աշխատանքը՝ նպատակ ունենալով բարձրացնել նրանց արհեստավարժության մակարդակը։

Ի դեպ, ծրագրի իրականացման համար ընտրվել են ՀՀ հինգ մարզեր, որտեղ ավելի ակտիվ ներգրավվածություն կլինի՝ Տավուշ, Լոռի, Գեղարքունիք, Վայոց ձոր և Սյունիք։