3 տարի առաջ այս օրը մահացել է «Բժիշկ Մահ» Ջեք Գևորգյանը. Коммерсантъ-ի անդրադարձը (լուսանկարներ)
2011-ի հունիսի 3-ին կյանքից հեռացել է ամերիկահայ անվանի բժիշկ Ջեք Գևորգյանը, որը դեռ կենդանության օրոք ստացել էր «Բժիշկ Մահ» և «Բժիշկ ինքնասպանություն» մականունները: Коммерсантъ-ն անդրադարձ է ներկայացրել այս առիթով։
Գևորգյանը էֆթանազիայի՝ ինքնակամ կյանքից հեռանալու գաղափարի կողմնակից էր: Անձամբ օգնել է կյանքից հեռանալ 130 մարդու։
Գևորգյանը դեռ ուսանող ժամանակ փորձարկումներ է անցկացրել մահապարտ-կալանավորների շրջանում: Նա կիրառել է ածխագազ կամ թունավոր նյութեր: Գևորգյանն իր ծառայություններից օգտվել ցանկացողների է սկսել փնտրել 1987-ից:
Հետագայում իր ֆուրգոնում տեղադրված սարքավորումներով նա մահաբեր ներարկումներ է արել կյանքից հեռանալ ցանկացող մարդկանց: Նրա «մահվան սարքը» կոչվում էր «մերսիտրոն»՝ թարգմանաբար «կարեկից»:
Նման գործողություններից մեկը հայտնվել էր եթերում, ինչից հետո Գևորգյանը դատապարտվել էր 25 տարվա ազատազրկման, սակայն 8 տարի պատիժը կրելուց հետո՝ 2007-ին, ժամկետից շուտ ազատ արձակվել: Այդ ժամանակ նա խոստացել էր էֆթանազիայի իրականացման չմասնակցել:
Գևորգյանի բոլոր հոդվածները և աշխատությունները նվիրված են եղել բացարձակապես մահվանը:
Աղբյուրը նշում է, որ Գևորգյանի ակցիան մեծ սատարում չի գտել ԱՄՆ-ում. նահանգների մեծ մասում, Օրեգոնից ու Վաշինգտոնից բացի, գործընթացն ապօրինի է:
Գևորգյանը մահացել է Միչիգանի հիվանդանոցներից մեկում։



Գևորգյանը նաև գեղանկարչությամբ է զբաղվել, որում ևս արտահայտվել են նրա մոտեցումները մահվանը:



Գևորգյանը իր հիվանդներից յուրաքանչյուրի մահանալու ցանկությունը վկաների ու բարեկամների ներկայությամբ ֆիքսում էր տեսախցիկով:

2010-ին Ալ Պաչինոն Գևորգյանին մարմնավորել է «Դուք Ջեքին չեք ճանաչում» ֆիլմում:













