Քառյակի 12 կետից բաղկացած պահանջները թող կատարեն, և դա համարվի ՀԱԿ-իշխանություն համագործակցություն. Վ. Կարապետյան
«Հայ ազգային կոնգրես» կուսակցության անդամ Վլադիմիր Կարապետյանը Tert.am-ի հետ զրույցում անդրադառնալով քառյակի 12 կետանոց պահանջներին՝ ուղղված Կառավարությանն ու իշխանությանը, նկատեց, թե ուրախ կլիներ, եթե այդ պահանջները Կառավարությունը կատարեր, և դրանք համարվեին ՀԱԿ-իշխանություն համագործակցություն։ Վլադիմիր Կարապետյանը նշեց, որ ՀԱԿ-ի իշխանափոխության պահանջը դեռևս ուժի մեջ է, և ներկայացված 12 կետանոց պահանջը փայլուն ճանապարհ է՝ ամբողջական իշխանափոխություն իրականացնելու համար։
«Ուկրաինայում, Աբխազիայում ժողովուրդը հավաքվել էր փողոցում և պահանջում էր վարչապետի հրաժարականը, այնուհետև քանի որ նախագահը չգնաց այդ պահանջները կատարելուն, անմիջապես պահանջները փոխվեցին, և հավաքված բողոքավոր ժողովուրդը պահանջեց նախագահի հրաժարականը»,-նշեց ՀԱԿ անդամը։
-Պարո´ն Կարապետյան, Հայ ազգային կոնգրեսի անունից ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը և՝ ոչ միայն նա, բազմիցս հայտարարել են, որ այս Կառավարության հետ քննարկելու ոչինչ չունեն, և ընդհանրապես՝ որևէ Կառավարություն, որը Սերժ Սարգսյանի կողմից է նշանակված, չի կարող որևէ բարեփոխում անել։ Մինչդեռ քառյակը 12 կետերից բաղկացած պահանջ է ներկայացնում իշխանություններին ու Կառավարությանը և մինչև աշուն ժամանակ է տալիս: Դա արդյո՞ք համագործակցություն չի կարելի համարել, այսինքն՝ ՀԱԿ-ը փոխել է իր դիրքորոշումը։
- Ես շատ ուրախ կլինեի, եթե այդպես գնահատեիք, թող մեր պահանջները իրենք բոլորը կատարեն, և թող ժողովուրդը, իշխանական լրտվամիջոցները դա համարեն համագործակցություն։
-Հիմա դուք՝ որպես ընդդիմություն, ինչպե՞ս եք համարում, դա համագործակցությու՞ն է, թե՞ ոչ։
-Ես պատասխանեցի արդեն, ընդդիմության պահանջները թող իշխանությունները կատարեն ամբողջությամբ, ու մնացածը՝ ժողովուրդը, իշխանական լրտվամիջոցները, իշխանական քարոզչամեքենաները դա համարեն համագործակցություն։
- Պարո´ն Կարապետյան, ՀԱԿ-ի պահանջը նո՞ւյնն է, այսինքն ՝ նպատակը իշխանափոխության հասնե՞լն է, թե՞ ոչ։
-Բնակաբար... եթե հիշում եք՝ Ուկրաինայում, Աբխազիայում ժողովուրդը հավաքվել էր փողոցում և պահանջում էր վարչապետի հրաժարականը. ես վերջին 4 ամսվա իրադարձություններն եմ ներկայացնում: Այնուհետև քանի որ նախագահը չգնաց այդ պահանջները կատարելուն, անմիջապես պահանջները փոխվեցին, և հավաքված բողոքավոր ժողովուրդը պահանջեց նախագահի հրաժարականը, ընդ որում՝ թե´ Ուկրիանայում, թե´ Աբխազիայում նախագահներն ավելի լեգիտիմ էին, քան Սերժ Սարգսյանը։ Հիմա դա փայլուն ճանապարհ է մեր հաստատած պահանջները իրականացնելու և ամբողջական իշխանափոխություն իրականացնելու համար։
-Այսինքն՝ եթե պահանջները չկատարվեն, ամբողջական իշխանափոխության պահանջն ինքնաբերաբար կստացվի։
-Իհա´րկե։
-Իսկ եթե կատարե՞ն։
-Մենք շատ գոհ կլինենք, որ իրենք կատարեն մեր բոլոր պահանջները, ինձ թվում է՝ դուք էլ գոհ կլինեք։
-Իսկ 12 պահանջները արմատական փոփոխությունների կբերե՞ն, որոնց համար ՀԱԿ-ը և, ընդհանրապես, ընդդիմությունը պայքարում էր։
-Չեմ հասականում, թե ինչու եք հաջորդիվ հարցերը տալիս, եթե պահանջներն իրենք հրապարակված չեն դեռևս, դուք էլ չգիտեք՝ ինչի մասին է խոսքը, և չիմնալով ինչի մասին է խոսքը՝ հարց եք տալիս։ Ես ասացի, որ մենք պահանջելու ենք, որ այդ ցուցակում բոլոր կետերը կատարվեն, և պահանջելու ենք նաև փողոցում, հանրահավաքով՝ ժողովրդի հետ, բոլոր 4 կուսակցություններին սատարող ժողովրդի հետ, ինչպես նաև՝ այն ժողովրդի, որը կհամարի ներկայացված այդ պահանջների շահառուն։
-Եվ վերջին հարցը. կարելի է ենթադրել, որ այդ պահանջները ամբողջությամբ համահունչ են ՀԱԿ-ի դիրքորոշումներին։
-Անշուշտ, բա ո՞նց, ամբողջությամբ համահունչ է։ Եթե Կոնգրեսն ինչ-որ փաստաթուղթ ստորագրում է, ուրեմն՝ ամբողջությամբ իր պահանջներին համապատասխանում է։
-Այսինքն՝ այդ պահանջներն ամբողջությամբ նաև համապատասխանում է մյուս երեք ուժերի պահանջներին։
-Այո´, այո´, համաձայանեցվել է, ո´չ թե՝ համապատասխանեցվել։










